…Այն ճերմակ վարդերը

լավ պատմվածք, ժամանակակից արձակՔաղաքը լուռ էր` վաղուց քնած: Ցուրտ էր: Վաղ եկած ձմեռը, դեղնել չհասցրած տերևների պինդ կույտերով, աշնանը փռել-ծեփել էր ասֆալտին: Ձյուն չէր, անձրև էլ չէր. սառը քամու հետ այն ասեղի պես ծակծկում էր Արմենի քրտնած ճակատը: Նրա ոտքերին քսմսվելով վազող շնիկը, բարակ վնգստոցով, հաճախ էր վեր նայում` անուշադրությունից նեղված… Արմենը ափը բույն սարքելով՝ նայեց հեռախոսին. մեկն անց էր:

Հոգոցով հեռախոսը դրեց գրպանն ու մոտեցավ փայտե կամարով դարպասին, որ, գիշերային լապտերների մրսած ցոլքերից, անտառի տնակի դուռ էր հիշեցնում…

Դուռը ճռռոցով բացվեց:

Տանը նոր լույս վառվեց:

Ընդառաջ դուրս եկած տղամարդու ստվերը երկարուկ նետվեց կից հարևանի պատին: Նա սեղմեց Արմենի ձեռքն, ու նրանք տուն մտան…

***

-Կներե՛ք, քեռի Սերոբ, հազար կներեք, համբերել չկարողացա մինչ առավոտ, առավոտյան տնեցիքին կփոխանցեք իմ ներողությունն այս ժամին գալուս համար,-ձեռքերով էլ անհարմարությունը վավերացնելով՝ ասաց Արմենը:

-Մի՛ անհանգստանա, տղա՛ ջան, ես մենակ եմ ապրում, կինս, լո՜ւյս հոգուն, չկա, մյուսներն էլ հեռուներում են:

Մի քանի օրով եմ եկել:

Եվ, ասեմ` քե՛զ համար էլ:

Ես գիտեի, որ դու հե՛նց հիմա  ես գալու:

Մինչ առավոտ ես էլ չէի սպասի:

Վառարանի մեջ կարտոֆիլ եմ լցրել, թթու վարունգ էլ ունեմ, թեյն էլ տաք է: Կզրուցենք,- վառարանը մի տձև փայտ խցկելով,-ասաց տանտերը:-Թղթի պես չոր փայտ է: Ծուխ էլ չի անում: Իմ պես է` անտերությունից չորացել է,-ավելացրեց՝ դառը քմծիծաղով…

Սմբատի խորն ակնախորշերից փաղաքուշ աչքերը պարագծում էին Արմենի կերպարանքն, ու նրա հայացքը խաղաղ էր, այնպես…խաղաղ, ինչպես լինում է ասելիքի «ա»-ից «ֆ»-ն խորքում կարգավորող, աշխարհ տեսնելուց կռճիկացած, համբերատար տղամարդու պարագայում:

-Մո՛տ նստիր, տղա՛ս, ողորմածիկ հերս իզուր չէր ասում, որ ամառվա զարդը վարդն է, ձմեռվա զարդը` կրակը: Հետաքրքիր է` սրա տաքը  երբեք շա՛տ չի լինում, ոսկորի հետ համերա՛շխ տաք է, հոգի, սիրտ ունեցա՛ծ տաք է…Վառարանը չեմ էլ վերցնում. տունս է սառած, գոնե թող սա մնա…

Փե՛տն է, խե՛ժն է, հո՛տն է, մեր մրսող ոսկորնե՛րն են. իրար լավ ենք հասկանում…

Հը՞, մինչ կարտոֆիլների տրաքելը, մի-մի թեյ չխմե՞նք…Էս թերմոսս ինձ հետ աշխարհ է ման եկել, թեյը, թե քթիդ ծերը չվառի, թեյ չի…Հոնի մուրաբան անցած տարվա է, բայց, բացեցի՝ նորմալ էր…Գրետայի ձեռքի գործն է,-խուլ հոգոցով ասաց տանտերն ու «պաստականչիկով» բաժակը մոտեցրեց Արմենին…

***.

Արմենն ասես սենյակում չէր. վառարանում ճտճտացող փայտերի արանքում հայացքը զրույցի վերջն էր փնտրում…

Սմբատը վառեց ծխախոտն ու միանգամից` թե.

-Հայրդ երկար, շա՜տ երկար պատմել է քո մասին, գիտեմ` կարգին տղա ես:

-Ի՞նչ, պատմե՞լ է, ե՞րբ, որտե՞ղ,-Սմբատին ընդմիջելով՝ տեղից ծառս եղավ Արմենը:

-Քեզ չտանջեմ, տղա՛ս, վերջինը՝ երկու օր առաջ եմ հանդիպել հորդ, նա ողջ է, ճիշտ է, բայց…դիալեզով երկարաձգում են կյանքը: Երկար զրույց է, պատմեմ,-նոր վառած գլանակը վառարանի մեջ նետելով` ասաց Սմբատը:-Թեյը  խմե՛նք…

-Դիալե՞զ, երիկամները նրա ամենաթույլ տեղն էին,-ցրված հայացքով, մենախոսելու պես, ասաց Արմենը;

Վառարանին շատ մոտ նստած Արմենի ոտքերը, ճտքավոր կոշիկների մեջ, ծերերից սառում էին, լեզուն էլ բերանի խոռոչում չորանում էր…

***

«Արդեն 25 տարի է, մի ոտքով Ռուսաստանում եմ, մյուսով` էստեղ:

Թիթեղի գործ եմ անում:

Միշտ նույն տեղն եմ գնում, նույն տարածքում եմ աշխատում:

Էնտեղ մի փոքրիկ տուն էլ ունեմ…Վաղը Գրետայի…մոտ պիտի գնամ՝ երազներիս անընդհատ գալիս է, պիտի անպայման գայի, գերեզմանում էլ կիսատ գործ ունեմ:

Քեզ էլ անպայման պիտի տեսնեի…Անպայմա՛ն…

Վերջին օրերի լարվածությունից, թե` մեծացել եմ, մի տեսակ լավ չէի զգում` էլի թիկունքս մզմզում էր:

Մի շաբաթ առաջ էր, ասի` գնալուց` ինքնաթիռ նստելուց առաջ, մի անգամ էլ բժշկի գնամ:

Գնացի՝ վրացի ծանոթ բժիշկ ունեմ: Ստուգվեցի դեղեր նշանակեց, շատ խիստ զգուշացրեց ու բաժանվեցինք…

Աստիճաններով իջնելուց տեսա՝ շտապ օգնության մեքենայից մարդ են իջեցնում:

Մուտքի մոտ կանգնեցի, տեղ տվեցի:

Պատգարակ բռնած չորսից մեկը երիտասարդ բուժքույր էր:

Անձեն նրան փոխարինեցի, ու հիվանդին արագ վեր բարձրացրինք…Որոշեցի դեմքին չնայել` հիշելով բժշկիս՝ քիչ առաջվա խիստ զգուշացումները` նա՛և սթրեսների մասին…

Մեկ էլ հանկարծ պատգարակի հիվանդը նվաղած ձայնով հետևիցս կանչեց.

-Սմբա՜տ, մի՛ գնա…

Զարմանքից քար կտրեցի. ռուսական այս քաղաքո՞ւմ…

Վազեցի` հայրդ էր` Ռաֆիկը…

Նա գունատ, այտուցված մատներով բռնեց ձեռքս ու կորցրեց գիտակցությունը…

Բժիշկն ինձ դուրս հրավիրեց…»…

***

Արմենը երկարուկ մատներով տրորեց ճակատն ու մեծ կումերով սկսեց խմել դեռ տաք թեյը:

-Հա՞յրս, ասում եք` հա՞յրս, հետո, ի՞նչ եղավ հետո, դուք որտեղի՞ց գիտեիք իրար…Արա՛գ ասեք, խնդրում եմ…Խնդրո՛ւմ եմ…

-Մենք` ես ու հայրդ, համագյուղացիներ ենք, ես նրանից  չորս տարով մեծ եմ: Ես նրան վերջին անգամ տաս տարի առաջ էի հանդիպել՝ գյուղի գերեզմանատանը…Զրուցել էինք, իմացել էի, որ ինքը ինձնից մի 500 կմ հեռավորության վրա է աշխատում: Էդ ժամանակ հասցե-հեռախոս փոխանակեցինք, պապիդ տանը գնացինք մի-մի բաժակ բան խմեցինք ու, խոստովանեմ՝  էլ չեմ տեսել…Դե՛, կյանքն է  էդպես. միշտ մտածում ես՝ է՜, կհասցնեմ տեսնել, սա՛ էլ անեմ, սա՛ է, ու… »:

-Հետո՛, հետո՛, քեռի՛ Սմբատ, նրան ի՞նչ էր եղել…

-Նրա հետ եղածը վաղուց էր եղել…Հայրդ պատմել է գլխին եկածը ու` թե ինչու է գրել ձեզ, որ իրեն փնտրելու փորձ չանեք, որ դրանով միայն կվնասեք իրեն…

-Դուք, իսկապես, ամեն ինչ գիտեք,-խոնարհած հայացքով ասաց Արմենը:

Արմենը հանեց պիջակը, թաշկինակով պինդ սրբեց չոր ճակատն ու ջուր խնդրեց:

Սմբատն էլի թեյ լցրեց:

-Վերջին անգամ Հայաստանից մեկնելուց հետո, հայրդ բրիգադում կոնֆլիկտ է ունեցել ու դուրս է եկել: Դե՛, ես չպիտի ասեմ, որ ոսկի ձեռքեր ուներ` դեռ երեխա տարիքից: Նրան իր տանն աշխատանքի է վերցրել մի հարուստ ու պաշտոնավոր կին` նորակառույց իր տան փայտի, կահույքի գործերն անելու: Հայրդ ապրել ու աշխատել է հենց նրանց այդ տանը…Կինը մի դպրոցահասակ տղա է ունեցել: Հետո նրանք էլ տեղափոխվել են այդ նորակառույց տունը: Հայրդ շարունակել է այդ տանն ապրել ու աշխատել:

-Ի՞նչ տուն, նա, մինչ իրենից վերջին հեռագիրը, բրիգադով է աշխատել և շատ լավ է վաստակել: Ի՞նչ կին,-շնչակտուր հարցրեց Արմենը:

-Հա՛, գիտեմ, տղա՛ս, գիտեմ և մայրիկիդ սրտի վիրահատությա՛ն, և՛ քո ուսման վճարների մասին…Ամեն ինչ գիտեմ: Բայց ասեմ, որ այդ հսկայական գումարները ձեզ նա՛ չի ուղարկել: Այդ ժամանակ ինքն էլ ծանր վիրահատություն տարած՝ հիվանդանոցում է եղել:

-Ի՞նչ,-ձեռքերն արագ-արագ կրծքին խաչել-բացելով՝ ասաց Արմենը:

-Մայրիկիդ անհետաձգելի վիրահատության մասին, հեռագրի մասին հայրիկդ շատ ուշ է իմացել, երբ վիրահատությունը վաղուց արդեն արված-պրծած է եղել: Այդ կինն է, հեռագիրը ստանալու նույն օրը, ձեզ ուղարկել գումարը: Հորդ կյանքն էլ նրա շնորհիվ է փրկվել,-վառարանի բաց դռնից կրակի պողերը հետ ու առաջ անելով՝ պատմում էր Սմբատը:

-Կարելի՞ է ծխել,-գլանակը վաղուց արդեն վառած՝ հարցրեց Արմենը:

Սմբատը նրան ջուր բերեց…

Արմենը դուրս եկավ պատշգամբ:

Տանտերը ցրտի մասին նրան…չհիշեցրեց:

Մոտեցավ զգեստապահարանին, մի փոքրիկ տուփ հանեց, դրեց պատուհանի գոգին:

Կարտոֆիլները տրաքտրաքում էին:

Սմբատը մի խոր ափսեում տեղավորեց դրանք:

Արմենը հետ եկավ սենյակ:

Լուռ էր, ասես մենակ էր:

«Վիրահատությունից տուն վերադառնալուց երկու օր հետո,-կլեպով կարտոֆիլների մեջ ձեթ լցնելով ու պատառաքաղով տրորելով, առանց Արմենին նայելու, պատմում էր Սմբատը,- գիշերով նրանց տուն՝ այգու կողմից, դիմակավորված մարդ է մտել: Միակ լույսի ցոլքը էդ կնոջ որդու սենյակից է նշմարվել: Տղան համակարգչի մոտ է եղել: Նա կամաց բացել է դուռը, բարակ ձայնի վրա տղան շրջվել է, ու նա, էդ անասունը, միանգամից կրակել է…

Երբ մայրն ու հայրդ ձայնից վեր են թռել, ամեն ինչ արդեն ավարտված է եղել…Նա կնոջ մինուճարն է եղել: Հետո, տեսախցիկներով նրան գտել են…Բայց…

Այդ դեպքից կինն անմիջապես կորցրել է գիտակցությունը և գիտակցության է եկել մի ամիս անց…Մի ամիս անց ու՝ համարյա անդամալույծ…

Հայրդ, արդեն հասկանում ես, չէր կարող թողնել նրան: Ու իրեն երբևէ փնտրելու փորձ չանելու մասին խնդրանքով հեռագիրը նա հենց այդ ժամանակ է ուղարկել…»:

Սմբատն այս անգամ ինքը դուրս եկավ պատշգամբ և՝ վերնաշապիկով…

Արմենը, գլուխը սեղանին, երեխայի պես, հեկեկում էր…

Սմբատն արագ տուն մտավ:

Արմենի՝ սեղանին բռունցքով խփելուց, կարտոֆիլի աֆսեն մեջից կիսվել էր…

-Բան չկա, ափսե՛ն էր մեջից ճաքած,-ասես ինքն իր համար ասաց Սմբատը և թշթշացող թեյնիկի մեջ ջուր ավելացրեց…

-Ներեցե՛ք ինձ, ես…

Սմբատի պինդ ձեռքը վաղուց արդեն նրա ուսին էր…

***

-Հայրդ նրա խնամքը շատ լավ է կազմակերպել: Կինը, երկու ամիս անց, ոտքի է կանգնել: Հետո ինքն է կրկին վատացել: Այդ կինը նրա բուժումը Գերմանիայում է շարունակել: Հիմա մի բան ասեմ՝ ուժե՛ղ եղիր: Նա Գերմանիայից հետո եկել է Հայաստան: Այստեղ էլ է եկել մի ամիս առաջ: Հյուրանոցներից մեկում երկու օր մնացել է: Ձեզ բոլորիդ հեռվից հետևել, տեսել է, բայց չի մոտեցել: Նա ասում էր, որ այդ ամենը չէր կարող բոլորին բացատրել, բոլորի աչքերի մեջ նայել…Եվ այնտեղ էլ իրեն սպասում էին,-թեյը լցնելով շարունակում էր Սմբատը:-Տղա՛ ջան, ձեր այգու սալորենու տակ դուք ցախատուն ունեք, չէ՞:

Արմենը, ասես, չկար…

-Այդ ցախատան դռան վերևի ճեղքում,-ասես իր կառուցածի մասին ու իր համար շարունակեց Սմբատը,-այնտեղ նա բան է թողել մայրիկիդ համար…Նամակ է ու մայրիկիդ՝ իր նկարով շղթան…Այս անգամ, մեջինը նաև իր նկարն է…Ասեմ՝ ինձ հանդիպելը բացարձակ պատահականություն էր: Նա, մինչ ինձ հանդիպելը, այդ նամակով ողջն այս արդեն ասել էր: Հետո, այդ կինը պիտի հանդիպեր քեզ…Նա քեզ հետ դեռ շատ զրույց ունի, նա ոչ ոք չունի»…

***

Սմբատի հոգոցից Արմենն…արթնացավ…

Տրորեց աչքերը…

-Հիմա՛ հասկացա, թե ով էր տատ ու պապիս գերեզմանին թողել ճերմակ վարդերի այն հսկա փունջը…

Սմբատը մոտեցավ պատուհանի գոգին, վերցրեց տուփը:

-Իսկ այստեղ, որդի՛ս, շատ մեծ գումար է, այդ կինն ինձ փոխանցեց, որ ես քեզ հասցնեմ հայրիկիդ վերջին ցանկությունը. նա խնդրել է, որ ձեր այգու ներքևի մասում, որ կից է բանուկ ճանապարհին, մի մատուռ կառուցես և առաջին մոմը իր համար վառես…Սա էլ այդ կնոջ հասցեն է, թե ուզենաս այցի գնալ…հայրիկիդ…Իսկ նրա վիճակը շատ ծանր է…Համարյա անգիտակից է…

Արմենն իր գրկի մեջ առավ Սմբատին:

Նա արդեն չէր զսապում լացը:

Դուռը ճանկռում էին:

Արմենի շնիկն էր…

Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև