Եղել է, չի եղել, գրքի հերթ էլ է եղել

LENA HOVSEPYAN- GRQERI MASIN«Հերթ» բառը վաղուց արդեն չի նախադրվում շատ-շատ բառերի: Ասենք՝ հացի, կահույքի, բնակարանի, տոմսի (կինոյի, թատրոնի)… Այս միտքը երևի կարոտախտի հովիտ կտանի միջին և ավագ սերնդին, իսկ երիտասարդներին ընդամենը անորոշ նախաբան կթվա, իսկ թե ասվածդ ուրանաս ու ասես «գրքի հերթ», այն էլ՝ գեղարվեստական, մեղմ ասած, կկասկածեն ուղեղիդ հավասարակշռությանը: Բայց, հիրավի, կային ժամանակներ, երբ որևէ՝ ձեռքից ձեռք սուրացող գրքի համար (ասենք «Անռելի քանգակատուն», «Կոմս Մոնտե Քրիստո») տիպված էիր ամիսիներ հերթիդ սպասել:

Բա՜, եղել է, չի եղել և այդ ժամանակն է եղել:

Հիմա՝ միանգամից. ինչո՞ւ չեն կարդում:

Խոսքը բացարձակ (դեռ մի բան էլ ավելի) մեծամասնության մասին է: Ինչո՞ւ նախորդ 1-2 սերնդի աշխարհիկ հաճույքների երկրորդման ու զսպման գնով ստեղծված ընտանեկան գրադարանները բնակարանների ամենամեռյալ գոտիներն են դարձել, որտեղ անարգել մուտք ունի… փոշին: Մեկ էլ գրադարանների լեթարգիական քունը խախտվում է այնժամ, երբ դրկից-հարևանի մի ոչ «ժամանակակից» երեխա ուսուցչի հանձնարարած որևէ ստեղծագործություն է փնտրում:

Էլի միանգամից: Ո՞վ կարդա: Անդերսենի ու Թումանյանի, Աղայանի ու Պերրոյի հեքիաթների կարիքն ունի՞ այն երեխան, որն ամբողջ օրը տանը կամ վատթարագույն դեպքում «կոմպյուտերանոցներում» համակարգիչ է «քշում», խենթանալու աստիճան հրճվում իր «գլխավորած» հերոսների սպանելու, մորթելու, ավերելու, ոչնչացնելու, ճզմելու-ճխլելու «արվեստով»: Էլ նրա ինչի՜ն են պետք բարին, բարու հաղթանակը, փերի-հրեշտակները, ծերունին՝ իմաստուն… Կամ ո՞վ է նրան հեքիաթ մատուցում` ծնո՞ղը, որն ինքն էլ, ավա՜ղ, շատ հաճախ ասելիք ու հրամցնելիք չունի և ուժ չունի այնքան, որ ոտքը գետնին խփող երեխային (որ կոմպյուտերանոցի տենդով է տառապում) չտա հացի վերջին գրոշները…

Ո՞վ կարդա: Այն պարմանի՞ն, որին «հոր սեփական բոստանը» դարձած անվերահսկելի հեռուստաալիքներն ամբողջ օրը այնպիսի~ հետևողական մանրամասնությամբ են ցուցանում, թե ինչպես, որ կողմից և ինչ դիրքով է առավել նպաստավոր վամպիրի (մոլագարի) ատամների մուտքը զոհի բկին… Հարգենք մեր արմատը և չխոսենք պոռնոգրաֆիայի «էլիտար» դրսևորումներ մասին: Իսկ եղել է, չի եղել, մի ժամանակ է եղել, երբ կինոյի ցուցանակ է եղել, երբ կինոյի ցուցապաստառների տակ, որոշ ֆիլմերի դեպքում, գրվում էր. «16 տարեկանից ցածրերին արգելվում է» (դրա համար էլ ժամանակն այդ ներկայի դիտակետից կոչվում է… լճացման…): Իսկ ժամանակակից «թրծված» 16 տարեկանը այդ ֆիլմերի վրա ընդամենը կծիծաղի: Դժվար, շա՜տ դժվար է… «բոևիկների» արշինին դիմանալը…

Այսօր, թոք ու բրոնխ պատռելով, խոսում ենք աշխարհն աջ ու ձախից արյունոտող տեռորի, երկրաշարժ-հրաբուխների, գլոբալ տաքացումների, մաղ դարձած օզոնային շերտի, հրեշի պես հառնող ցունամիների, թռչնագրիպների մասին՝ մոռանալով կամ պարզապես, մերօրյա խոսքով ասած, չջոկելով, որ դեմ-հանդիման ահագնանում է ամենաողբալի արհավիրքը՝ հայ բնի, հայ կերպի, հայ տեսակի, էլի մոդեռն խոսքով ասած, մուտացիան` այլաձևումը: Հայ աղջկա կերպ, հայ դպրոցականի տեսակ. որտե՞ղ, ինչպե՞ս, ինչի՞ մեջ են տարրալուծվում նրանք…

Հիմա՝ գերժամանակակից, գերարևմտամետ ընդդիմադիրներիս անհամաձայն-տարակույսներին ի պատասխան. բռավո, արևմուտքը եկավ, իր ճեփ-ճերմակ, տաք թաթիկը մենեց, իր խնամքով… փլվածի տակից հանեց, ոտքի կանգնեցրեց, իր քաղաքակիրթ տեխնոլոգիայի անգո, աննստավածք կիրարկմամբ կերակրեց-ուսուցանեց-հագցրեց մեզ և «բուլավկոյով» ամրացրեց փեշին: Փեշին՝ ոչ կրծքին…

Դեռ ինչքա՞ն երկար ենք շշմած-հիպնոսված մնալու՝ չհասկանալով, որ մոնկուրտվում ենք՝ միանշանակ հրահանգ կատարողներ դառնալով, որ հին ու հնագույն ՍԵՐԸ քոքահան անելու դիվանագիտությունը քողարկված է… կոդավորված ժպիտների տակ: Արժե չմոռանալ, որ հավաքվում են նեկտարի, ծաղկաբույլի, քաղցրի վրա… Իսկ մենք, թևող-եկողներով հայիլ-մայիլ դարձած, հալվում ենք: Այսժամ է, որ Սասնա Ծուռը կհորդորեր՝ թափ տվեք ձեզ…

Տեսնում, հասկանում ենք նժարին դրված քաղաքականության պարտադրանք-հակակշիռները, եվրակառույցներ, եվրաստանդարտներ, արևմտահմայություններ, բայց ինչքա՞ն, ի՞նչ չափով:

Այս ակամա՞, թե՞ արդեն անխուսափելի (գուցե օրապահանջ և) առուտուրի գործընթացում է, որ ՄԵՐԻ համար պիտի տագնապել, չմոռանալ, որ այն թանկ, շաշ՜տ թանկ արժե, այն կենդանի սարսուռ ունի…  Եվ որ այն, բռնազբոս զուգավորումից ու զուգադրումից, կարող է մեզ պատժելու աստիճան անճանաչելի դառնալ:

Խնդրի նյութին վերադառնանք. հենց այս այլահոգի դյութանքների միրաժում է սպանվում (դանդա՜ղ-դանդա՜ղ) ընթերցելու` դարեր ի վեր գենետիկ, կենսաբանական դարձած հակումը: Տարակույս չունեմ, որ որևէ, ավա՜ղ, նաև արդիական մեկնություն (ինֆորմացիան ծո՜վ է, պիտի հասցնե՜լ, ժամանակից հետ մնալու վտանգն առկա՜խ է, ինտերնետի եղած տեղը գիրքն ի՜նչ է որ), որքա~ն էլ ակամա ճշմարտի հատիկ ունենա, ընդամենը մեղանչում է. էդ ո՞ր ժամանակակից ինֆորմացիան կարող է հակակշռել Նարեկացու ու Շնորհալու, Թումանյանի ու Տերյանի, Մեծարենցի ու Մաթևոսյանի (համաշխարհային հսկաներին դեռ չասած) մեկ տողին, ոգի սնուցող կենսանյութին:

Թմբիր-ախտն այս աղետ չի դառնում (փա՜ռք Տիրոջը), քանի դեռ կան իրենց հայ-արմատի վրա ձիգ կանգնած, իրենց սնած ակն ու նրա անաղարտությունը սրբացնելու աստիճան երկրպագող ուսուցիչներ, ընտանիքներ, մարդիկ, որ օտար քամիների տաքությունից ոչ թե մեկեն մերկանում, այլ բարենպաստորեն, խելամտորեն օգտվում են՝ համամարդկային արժեքների ճանաչման հզոր ու օգտակար բնազդով, գիտակցությամբ, ողջախոհությամբ… Մարդիկ, որոնց համար համակարգիչը մարդկային մտքի ու հնարամտության պսակն է, անգլերենը՝ աշխարհի զարկերակի վրա ցուցամատը ամուր պահելու միջոց: Իսկ գիրքը՝ բանականության ավիշը: Եվ մարդկանց այս խումբն է էլի կրելու ազգի բարոյական նկարագրի ու աշխարհին ներկայանալու ողջ պատասխանատվությունը: Ավա՜ղ՝ և ամոթը…


Կարդացեք նաև