Բրուտագործությունը որպես… ծալքի հավակնող հիշողությո՞ւն, թե՞…նոր այցեքարտեր

Պատում 1 . ՂԱԹՐԻՆԻ ՁՈՐՈՒՄ.  ԾՈՌԱՆ ՀԵՏ` ԱՎԱԳ ԱՊՈՐ ԲՐՈՒՏԱՆՈՑՈԻՄ

Երբ ժամանակը…երակ ես ներառում

Լրագրողի` իմ 35 տարվա գործունեության ընթացքում չգիտեմ մի ուրիշ,  այսքա՜ն համառորեն` ներսիցս դուրս չհորդող, որպես գիր չծնվող տպավորություն-մտածում: Գուցե նրանից էր, որ շատ կամեցա ամենն ասել. և՛ իմ զգացածը, և՛ ուրիշների` իմ միջով անցկացրած իրե՛նց զգացածը, և կիսվել մերօրյա պեծպեծին արժեքներից հեռու` հեռվում  անթեղվող կուսական ջինջի մասին: Հա՜յ քաղաքականություններ, հա՜յ դեմոկրատիա, հա՜յ գլոբալիզացիա, հա՜յ տեխնոլոգիական մարաթոներ, հա՜յ մարդու կլոն / դիմահար` էլի մեկն ինձանի՞ց. մեղա՜  քեզ, Տե՛ր / ու` դեռ մերօրյա…անցյալի մասունքներ…

Գորիսյան բրուտագործության կոհակներ

Ու բրուտ ու բրուտանոց, ու կավի հետ` հընթացս արագության ձև ու կերպ ամփոփող կոշտացած ու ջիլ, բայց ամորֆ լինելու չափ պլաստիկ ձեռքեր, ու չարխի ձայնի հետ մեկտեղվող ձեռքերին անձնատուր կավի ձա՛յն երանության…Հիշողության զսպված հեղեղ ու արմատների անդիմադրելի կանչ, ու արդեն տասնամյակներ բացակա ապուպապերի շոշափելի լինելու չափ…հավաստի ներկայություն, ու 80-ի շեմին մարդու` Ռուբիկ Բակունցի ակամա` մեկեն տղեկ-մանչուկ-թոռ դարձած…իրողություն…

Հա՛, այս պատումի թելը սկիզբ առավ գորիսեցի Բակունց Ռուբիկից: Հետո նրա պապի հորեղբոր` Ստեփանի տղա Ակսել Բակունցից մինչ… «Բրուտի տղա», մինչ նրա հոր պապ Ավագ ապեր ու Անդո, մինչ Ավագին բաջօղլի ասող բրուտ, չոլախ Եգորի շառավիղ գուցե  Ճըղարին Արսեն ու Սամսոն, մինչ մունջ պատրանք-բրուտանոցներ ու սարդոստայնի…ճոճքով չարխեր, մինչ անցյալում անէացած արվեստ /հա՛. արվեստ /…Մինչ Սամսոնի քրոջ որդի Բաղդագյուլյան Հրանտ ու նրա որդիներ` Նարեկ ու Նաիրի, մինչ…էլի Աստծո կամք…

Բակունց Ռուբիկ. եղելության ու հիշողությունների ձիգ շաղավիղ: Նա գտել էր իր անէացող հեքիաթի տուտը…

Մինչ Բակունց Ռուբիկին հանդիպելը, ընկերս` Արմիկը` Բակունց, ինձ տրամադրեց իրենց տոհմածառը. Բյագի, Տոնի, Օհան, Թևոս: Թևոսից` Հայրապետ, Ավետիս, Ստեփան, Ավագ: Ավագից / նույն ինքը`Բակունցի «Բրուտի տղան» պատմվածքի Ավագ ապերը / Նիկոլայ ու Միքայել: Վերջինից` Աշոտ ու Անդրանիկ` նույն ինքը` նշյալ պատմվածքի Անդոն: Նիկոլայից` Արմենակ, Արմենակից` Յուրա, Գառնիկ ու Ռուբիկ: Նույն ինքը` Բակունց Ռուբիկը, որի, նրա աղջիկ Նունեի, իմ աղջիկ Շուշանի հետ գնացինք Ղաթրինի ձոր, բրուտանոց. գնացինք անցյալ դարասկիզբ: Գնացինք… Ավագ ապոր մոտ…

***

Գորիսում եզակի սպորտային ձիգ կեցվածքով տղամարդկանցից է Բակունց Ռուբիկը: Սպորտսմեն էր. նախ վոլեյբոլով է զբաղվել, հետո իրեն ամբողջովին նվիրել է ըմբշամարտին` մինչ Հայաստանի հավաքական, մինչ ՍՍՀՄ  առաջնությունների մրցանակային տեղեր, բազում մեդալ-դափնիներ, աշխատանքային հարուստ ուշնորհակալ մարզական կենսագրություն…ՈՒ մինչ օրս էլ սպորտսմեն է / էս պարագայում մարզիկը մի քիչ վհատ կհնչի, որովհետև Ավագ ապոր բրուտանոց տանող բարձունքը ջահելները հաղթահարեցին նրա ամուր ու հուսալի «բուկսիրով» միայն /:

Ռուբիկի հիշողություններն ավելի շատ իր պապի` Ավագ ապոր գործը շարունակած Նիկոլայ պապի հետ են կապված. «1956 թվականին գնացի միութենական մրցումների, մրցանակային տեղով հետ եկա, պապս թե`«Ա՛ խոխա, մին շոռ եկ տեսնամ ճաղերտ կուտրատալ չե՞ն հու: Այ ա՛րևդ կծեմ, ախր հի՜նչ գիդայի, վեր ցեղումս էլի մին փահլևան ա ինիլու»: Պատմում էր, որ մի անգամ մի զոռբա թուրք գալիս, գյուղամիջում կանգնում ու ասում է, որ կա՛մ թող մեկը դուրս գա ու իր հետ կոխ բռնի կա՛մ թող քյոխվան տունը 3 մանեթից հավաքի, իրեն տա: Բյագուն Օհանը իր հորից`պիծա ամուց / Ավագ ապորից / կոխ բռնելու թույտվություն է խնդրում: Ավագ ապերն ասում է` «Կամ պիտի սրա մեջքը տափին կյաս կամ պիտի շինան քոչես, տե՛ս»: Օհանը իր գործը շատ պատվով է անում. թուրքի մեջքը գետնովն է տալիս, ծունկը դեմ անում սրա դոշին: Թուրքը չոքեչոք դեպի Լաստի ստորոտն է ծլկում, Ավագ ապերն էլ մի ոչխար է տալիս, ասում է` հալալ ա` տարեք, ջահելներով քեֆ արեք»:

Ռուբիկը պատմում է. «Մենք անգամ էն ամենածանր սովի տարիներին չիմացանք, թե սովն ինչ բան է. Աշխեն մայրիկս ու պապս կուշտ պահեցին մեզ ու էլի մեր մերձավորներից շատերին: Հայրս պատերազմից չվերադարձավ. անհետ կորած էր` ասացին: Ռուբիկը, ճիշտ է` վաղ մանկությունից, բայց շատ լուսավոր, հեքիաթի չափ ու հեքիաթի պես անուշ հիշողություններ ունի «պրուտանոցից». «Այնտեղ, դեկտեմբերին անգամ, ձյունը չէր նստում, ու մանուշակ էր բուսնում. ի՜նչ բուրմունք էր տարածվում, մինչ հիմա ռունգներումս զգում եմ, ասես, այդ բույրը: Մեկ էլ, ամենից ավելի, այն է տպավորվել, որ էդ ապրուստով` կուժ ու կուլայով լիքը բրուտանոցը դուռ չուներ, երեկոյան` տուն դառնալուց առաջ էլ, չէին փակում. մի քանի ցաքի փուշ էին դնում, որ գել ու գազան չմտնեն, ու որ օդը խաղ անի…Ամառվա 3 ամիսը պարտադիր պապիս ու հորս հետ էնտեղ էի անցկացնում, քարահունջեցի, Թիֆլիսից հարս եկած Թագուհի տատիս քաղցր ձեռքերի արարածն ու Միջի աղբրի սառը ջուրը վայելում: Մանկությո՜ ւն էր…»:

Բակունց Ռուբիկի հետ մենք եղանք Ավագ ապոր բրուտանոցում: Ի՜նչ խանդավառություն, կարոտ, սեր կար Ռուբիկի պատումներում: Նա այնպե՜ս եռանդագին էր հաղթահարում դեպի բրուտանոց տանող ճանապարհը, ասես այնտեղ` քարայրի խորքում, իրեն էին սպասում չարխի ու տաք օջախի` թոնրի շուրջը բոլորած մեծ պապն ու տատը` երեսը սերը բռնած թորնաճաշով ու յուղաբույր, ընկույզով հեսը պարտակած բաղարջով, ուրցի թեյով ու… «բալաս կծեմ» – ով: Պահն, ասես, ժամանակը հետ էր կծկել` Ռուբիկը գտել էր իր անէացող հեքիաթի տուտը` իրական «լինում է, չի լինում»-ը…

***

Ռուբիկը վստահ էր, որ հստակ գիտի իր հորեղբոր որդի Անդրանիկի` Բակունցի` «իմ ընկեր Անդոյի» գերեզմանի տեղը: Նրա հետ փնտրում էինք: Պատմում էր. «Նա շատ բոյով, ձիգ, թիկնեղ տղամարդ էր: Բաքվում էր ապրում, արցախյան շարժման տարիներին եկավ, բնակություն հաստատեց Որոտանում, պատշար էր: Վերջը… բարի չէր: Մահացավ 1996-ին»: Նրա հետ երկար փնտրեցինք` անգերեզմանաքար Անդոյի շիրմաթմբի տեղում մի այլ մակագրությամբ տապանաքար կար: Մի պահ ճապաղած ու… իբր բարձր սավառնող արծվին նայող Ռուբիկը ձեռքը աչքին տարավ…Արծվի սլացքի համեմատ որքա՜ն անէական թվացին փոքր հողեղեններիս…մեծ հոգսերը, բայց և որքա՜ ն խիտ մարդուս` դեպ ներս` դեպ հատակ մղած ցավերը…

Նիկոլայը Բյագու տոհմածառի վերջին բրուտն էր: Գուցե՞ առայժմ…

«Պապիս` Նիկոլայի բրուտանոց-արտադրամասն արդեն ոչ թե Ղաթրինի ձորում, այլ քաղաքի հյուսիսային մասում` մի ժամանակվա ճտանոցի / երբեմնի ինկուբատորը նկատի ուներ – Լ.Հ./ տեղում էր, վառարարանը աղյուսից էր, ի՜նչ ասես,  որ չէին սարքում, հազար ու մի աման – չաման, կուժ ու կուլա, կավի ու հողի խառնուրդից չերեպիցա / կղմինդր / էին պատրաստում, աղյուս: Իմ պապ Նիկոլայի հետ, որ արտադրամասի վարիչն էր, աշխատում էին բրուտներ Ճըղարին Արսենի տղա Սամսոնը, Կիզիրանց Արսենի միջնեկ տղա Գառնիկը, հայրս, էլի աշխատողներ: Մի ցիկլում 2000-3000 չերեպիցա  էին թրծում: Էս ողջ տարածաշրջանը իրենք էին սպասարկում: Ո՜նց եմ կարոտել տաք հող ու կավի էն անուշ հոտը, ի՜նչ հաճույք էր պապիս, էդ իմաստուն ու աշխատասեր մարդկանց հետ լինելը` օր անցկացնելը: Պապս ծառ տնկելու թուլություն ուներ. բահը տալիս էր ինձ` տնկին էլ հետը, ու ասում` սա օրհնյալ գործ է, բալա ջան, ու հեչ կարևոր չէ, թե հետո տնկողի անունը կիմանան, թե` չէ, բայց հաստատ կօրհնեն», – պատմում էր Ռուբիկը: 13 տարեկան երեխա էի, մի անգամ էլ մատս թողեցի մամլիչի` ցեխ անող անիվի արանքում. էնքան իմ ահավոր ցավը չեմ հիշում , որքան` պապիս կսկծալը: Պապս աշխատեց մինչև 1954 թվականը: Իրենից հետո իր գործն էլ հետը…պրծավ: Մահացավ 1960 թվականի` 81 տարեկան հասակում», – ասաց ու…էլի շրջեց հայացքը` իբր պատուհանից դուրս էր նայում…Նիկոլայի հետ էլ մարել – լռել  է Ավագ ապոր չարխի միալար ձայնի վերջին ակորդը…Գուցե առայ՞ժմ: Բայց կես դարը մի քիչ… շատ չէ՞ «առայժմ»-ի համար… Ռուբիկը փաստում է. «Մեր ազգ ու ծուպում այնքա՜ն ձեռքի շնորքով, աչքաբաց երեխեք ունենք, նրանցից ամեն մեկի մեջ պապերիցս էնքա՜ն բան կա…»…

***

Գորիս գյուղից` Ղաթրինի ձորի բրուտանոցից հետ գալուց ու մինչ նրանց օջախում` ընտանեկան հարկի տակ ալբոմներ պեղելն ու Նունեի սիրալիր հյուընկալությունից օգտվելը, միասին եղանք Բակունցի տուն – թանգարանում ու Գորիսի քաղաքային գերեզմանատանը, ուր ամփոփված էին Ռուբիկի նախնիները, Ակսել Բակունցի ծնողները: Ռուբիկը` իր օրինակ – պատումներով ծնողամեծարության կենդանի լեգեդ էր ասես…

Պատում 2. «ԱՓՍՈՍ ԷՐ` ՏՈՒՆ ՊԱՀՈՂ ՓԵՇԱԿ ԷՐ»

Սամսոն Ճաղարյանը բրուտագործների գորիսյան մի այլ ճյուղի էլի …վերջին բրուտ – շառավիղն է: Մենք նրանց տուն այցելեցինք, պարզվեց` շատ անպատեհ պահի. ընդամենը օրեր առաջ մահացել էր նրա տիկինը` Լենան: Տարեց բրուտը խոսելու, առավել ևս իմ հարցերին պատասխանելու ցանկություն և ուժ չուներ: Նրա նյարդերն ու տրամադրությունը ակնհայտորեն տեղի էին տալիս  իմ ու իմ երիտասարդ բարեկամ` ապագա ռեժիսոր Վրույր Սիմոնյանի լուսանկարելու ամեն մի փորձից:

Չորուկ ուրվագծերով, ողնաշարի միջով ժամանակն անցկացրած, նվաղած մարմնի ու ձայնի դաշնության մեջ առավելի քան նվաղած էր…հոգին. հայացքը չսևեռած հորիզոնի խորքում էր…Ուղղակի նրա մեջ դեռևս…կավե իմաստնությամբ նստած էր սյունեցի նամուսով տղամարդը. ուժերը ժողովելով` հանդարտվում – իմի էր գալիս էր ու դեմքի «որ ի՞նչ» արտահայտությամբ պատասխանում հարցերիս:

Փորձեցի զրույցի ծերը գտնել «Ո՞ւմից ես էս գործը սովորել» հարցով: Պատասխանը կարճ էր` Աստծուց: «Հերս` Արսենը` Աստծուց, ես էլ իրենից. չի՞ ստացվո՞ւմ` էլի Աստծուց»: «Էս աշխարհում ո՞ւմ, ինչի՞ն ես հավատում» հարցը խուլ հոգոց ծնեց. « Ինչի՞ն, ա՜ յ տնաշեն, իսկի ես ի՛նձ չեմ հավատում». այստեղ էլ փակուղի մտանք, բայց այնուամենայնիվ հակիրճ ու …խիտ տեքստով զրուցեցինք:

Զրուցեցինք ու իմացանք, որ թե նորից ծնվեր, էլի բրուտ կդառնար, էլի տունը, որքան էլ այն երեխաների կարծիքով անհարմար տեղում է,  էլի այդտեղ կկառուցեր, կաշխատեր սպիտակ ու սև կավերի խառնուրդով, կուզեր` «…Թեկուզ մի քանի րոպե հերս քիշտիս / կողքիս / նստեր, մի էրկու զրուց կար, կանեի, կարոտս կառնեի, լավ մարդ էր` վեսկի…Մեկ էլ էս փեշակս կորչեր վեչ` խեզան պահող փեշակ ա, հորա՜, գոնե քրոջս տղան` Հրանտը մնար, աշկումը ուրի՛շ իշեղ կար, վեսկի ծերքեր օներ…Մերունք ուզացին վեչ, ասում են` սորի օրը տրանավ տոն չես պահի…Բալքի դուզ են ասում, հի՜նչ գիդամ…Օնիկի աշկումն էլ իշեղ կար, նրա տղի` Սամվելին էլ, բայց հիմա ժողովուրդը մի տեսակ շատ ա նեղված, անտեր փողը հերիք չի անում, ա՛հ, իսկի կա՞ ` թա վեր հերիք անի…Լավ օրերը, լավ կյանքերը անց են կցալ, իմը վեր հաստատ անց ա կցալ, գոնե էս խոխա – րախան կարան մի պանի հսնեն», – սա մեր… երկխոսության ավարտն էր:

Նա լռեց ու մեկ էլ հոգոցով…միջամտեց, երբ մեր թերթած ալբոմում իր` օրեր առաջ մահկանացուն կնքած տիկնոջ լուսանկարը նկատեց…

Սամվելը, որ խորքով տղայի տպավորություն թողեց, փորձում էր արդարանալ, որ պապի գործը` ի դեմս և իրեն, շարունակություն չգտավ.  «Ես մի որոշ ժամանակ գնացի բրուտագործության խմբակ. հաճույքով էի գնում, պապին էլ շատ ուրախ էր, բայց հետո, չգիտեմ ինչու, էլ չձգեց` չպատկերացրի, թե ո՞նց եմ դրանով հետո վաստակելու: Գուցե շնո՞րքս էր պակաս, չգիտեմ…»: Իսկ միջնեկ եղբայրը` Ալենը, երազում էր` «Կուզեմ Աստծո աշակերտը դառնամ, որ թողնի տատիկիս…շուտ-շուտ տեսեմ  ու մեկ էլ` Էս ձորից դուրս գամ է՜ …»:

Իսկ էդ ձորում, էդ ձորից է սկսվել վարպետ Սամսոնի կենսագրությունը: «Պապիս հիշում եմ` միջահասակ, հանգիստ, մեղմ մարդ էր, հայրս մի քիչ տաքարյուն է: Էս քարայրը, որ, բրուտ Արսեն պապիցս սկսած, կավե ամանները թրծելու փուռն է, նրա մայրական` Քոլուն բաջուն / նրա անունը միշտ այդպես եմ լսել / տունն է եղել: Հայրս էլ տունը փուռին մոտ է սարքել, ու մնացել ենք էս ձորում: Առաջին անգամ մեր տուն բոլոր եկողները հիացական բացագանչություններով սիրահարվում են մեր տանն ու շրջակա բնությանը, բայց եթե 2 խոր.մ փայտը 3 օրում չկարողանաս տուն բարձրացնել ու տեղավորել, կարծում եմ հիացումդ…մեջքիդ կզարկի: Զարմանո՞ւմ եք, որ Ալենը ուզում է ձորից հեռու ապրել, նա էլ 21-րդ դարի երեխա է ու զգում է, որ լի աշխարհները սկսվում են էս ձորից շատ հեռու, – մտորում է Օնիկը: – Ես էլ մի ժամանակ տարված էի էդ գործով, հայրս էլ հավանում էր, բայց զգացի, որ, չէ՛, խոնավության մեջ առողջությունս փորձության ենթարկելով` երեխաներիս հաստատ սոված կթողնեմ ու…»:

Էդ ժայռաքիվ տանն է 83-ամյա վարպետ Սամսոնի ողջ …կյանք – արտադրությունը` ներքնահակի սենյակներից մեկում … վիրավոր ու 30 տարուց ավել լռած չարխը, ժայռափոր փուռը, որտեղ թրծվում էին կավե գործերը և…պաղած հիշողությունները: Երբ հարցրի  պահպանված աշխատանքների մասին, հարսը` Ասյան, մի ծաղկաման բերեց` մեջը մանուշակի մի քանի տերևներ. «Տանիքում մի քանի կարաս, կուժ ու կուլա էլ կա, մեջները չորեղեն ու չրեղեն ենք պահում. խշշխշալի մնում են»:

«Հայրս հա՛ նվիրում էր` ամեն եկողի՛, ամեն ակնարկ անողի՛…Ժամանակ կար. որ դա իսկապես մեր ապրուստի միջոցն էր, դրսից եկածները բերանները բաց` գին էին տալիս, առնում  – գնում էին: Ուղղակի հայրս գին ասող մարդ չէր… Տարիներ առաջ պապս ու հայրս նաև գործերը հեռու էին տանում ու փոխանակումներ անում», – հիշում էր Օնիկը:

***

Ներքնատան / որտեղ և չարխն էր /  մութ անկյունից Սամվելը բռան մեջ առնելով` մեզ ցույց տվեց պապի օգտագործած կավից մի փոքր…գտածո…Մի  լռելյայն տաք խլրտյուն վաղուց արդեն պաղել էր պատի այդ անկյունում… Բայց ես շատ ուզեցի հիշել` չմոռանալ ու խորհուրդ փնտրել է՛ն ծաղկամանի ու նրա մեջ արդեն արմատ նետած մանուշակի տերևների մեջ…

Գուցե նոր հառնումի նախանշա՞նն էր: Գորիսը, Կյորեսը. ձորը` Ղաթրինի, նախախնամության գաղտնագրում հառնումի ծածկագիր ունեն հաստատ…Հաստա՛տ: Ու Սամսոնի մեծ ափսոսանք ` քրոջ որդի Հրանտ Բաղդագյուլյանի տղաները հեռու ամերիկաներում գեն են ծաղկեցնում, իսկ գորիսյան ցուցահանդեսներում էլ խեցեգործության նմուշները դեռ  շարունակում են լինել ու… նորացվում են…

Հավատանք` նոր ժամանակներ են` նոր այցեքարտերով` Ղաթրինի ձորի բրուտների կենդան էներգիայի հենքերով ավշավորված…

Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև