Գագիկ Հակոբջանյան. Այսօրինակ մարդիկ ԴԱՍԱԳԻՐՔ են՝ լռելյայն ըմբոշխնելու համար…

Գագիկ Հակոբջանյան, Գորիս, մաթեմատիկաԳագիկ Հակոբջանյան-մեծ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ  Գորիսի դիմագծի մաս-երանգ էր…Նման էր միայն ինքն իրեն: Միշտ՝ նույն մարմնական թեթևությամբ, խորասույզ հայացքի հանդարտ սահքով, շնորհ ինտելեկտի համեստ, երկրային քողարկմամբ…Եվ, ասես, հավերժորեն, քաղաքի կենտրոնում՝ մեղմ զրուցող հասուն, հունձքով այրերի խումբ-առանցքում…Այսպես՝ ընդամենը օր-ամիսներ առաջ…

Հիմա, էլի այսպես, բայց` մի այլ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ…

Ափսո՜ս…

Նրան <<ՀԱՄԱՅՆՔ>> ամսագրում հյուընկալելու բախտն ունեցել էինք 14 տարի առաջ…

Գագիկ Հակոբջանյան, Գորիս, մաթեմատիկաԷս աշխարհից իր գոհացումները, իր ապրելու կերպը՝ իր իսկ մտածումները, իր հուշ-հիշողությունները, տարիներ անց, որոշեցի հասանելի դարձնել նրան, անկասկած, պաշտող աշակերտներին, նրան ճանաչողներին /ամսագիրն այնժամ էլեկտրոնային տարբերակ չուներ/…

Այսօրինակ մարդկանց քաղաքի ոգին պահում է. նա քաղաքի դիմագծի Ոսկե Ֆոնդում է…

Այսօրինակ մարդիկ ԴԱՍԱԳԻՐՔ են՝ լռելյայն ըմբոշխնելու համար…

Եվ՝ ձեռնոց են` նետված կեղծ արժեքների ստրուկներին…

Լենա Հովսեփյան

17.03.2016 թ.

ՆԿԱՐԱԳԻՐ՝ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՄԵՍՏՈՒԹՅԱՆ

Գագիկ Հակոբջանյանի հետ ժամեր զրուցեցինք: Ժամանակի մեծ տևողության մասին միայն ժամացույցը փաստեց. կենսագրական մանրամասներն էլ էին հետաքրքիր, ինքն էլ, դիպվածներն էլ, հայացքներն էլ: Սցենարի էսքիզը փարթամ էր, տրամադրող: Արևելյան հեքիաթ հիշեցնող մի դրվագից էլ որոշել էինք սկսել. օրերից մի օր, երբ իր հայրը՝ Հաբեթը, 7  տարեկան է եղել, հենց գյուղամիջից անհայտացել է և Բաքվում եղբոր՝ Արմենակի տանը, հայտնվել 25 տարեկանում՝ ուսյալ, բարեկիրթ, ձևավորված մի տղամարդ: Գյուղ (Խոտ) ուղտով նավթ բերած մի վաճառական փախցրել, տարել էր նրան Մարի, որդեգրել, կրթել…

Եվ պիտի կանգ առնեինք մի հիշատակումի վրա. <<Իմ իմացած մաթեմատիկայով պարտական եմ Բաքվի միջնակարգ դպրոցի ուսուցչիս՝ Արշավիր Նուրինջանյանին>>: Պիտի ասեինք, որովհետև իրեն էլ այսօր պարտական են հարյուրները, հազարները…

Զրույցից օրեր անց, մեր խնդրած նկարների/առաջինում ինքն է՝ մեկամյա, ծնողների հետ, երկրորդում արդեն իր ընտանիքն է/  հետ, նա բերել էր աշակերտական տետրի թղթերի վրա մի գրվածք: Ասաց. <<Գրել եմ: Հոդված չէ: Գուցե հարկավոր լինի: Կկարդաք…>>:

Կարդացինք: Որքա՜ն նուրբ է կյանքին շատ բան տված մարդու գոհանալու առիթը, և որքա՜ն անպաճույճ էր նրա …ինքնաներկայացումը:

Պատվարժա՛ն ուսուցիչ, մենք որոշեցինք ձեր մասին ձեզնից լավ ու ամփոփ ասելու ճիգ չթափել: Ձեր խոսքին խմբագրական շնչով մոտենալը մեղքի էր նման: Ու չարեցինք:

***

1966 թվականին Երևանում, մաթեմատիկայի առաջավոր ուսուցիչների խորհրդակցությունում ելույթ ունեցա՝ ասելով, որ Հայաստանում մաթեմատիկայի ուսուցիչների մեծ մասը ռուսերենին չի տիրապետում, իսկ գրականությունը միայն ռուսերեն է, և ուսուցիչները չեն կարողանում զբաղվել ինքնակրթությամբ: Առաջարկեցի կամ թարգմանել <<Математика в школе>>  ամսագիրը, կամ էլ հայերեն լեզվով հրատարակել <<Մաթեմատիկան դպրոցում>> ամսագիր: Եզրափակիչ խոսքում Լուսավորության մինիստրը հայտարարեց, որ ընդունելի է համարում այդ առաջարկը՝ ավելացնելով նաև <<ֆիզիկա>> բառը:  Այդ նույն թվականից էլ հրատարակվում է <<Մաթեմատիկան և ֆիզիկան դպրոցում>>  գիտամեթոդական ամսագիրը, որը մեծապես նպաստեց օժտված ուսուցիչների բացահայտմանը:

Երբ 1951 թ. աշխատանքի անցա Շինուհայր գյուղում և տեսա, որ աշակերտների մակարդակը շատ ցածր է, դիրեկցիային խնդրեցի 8-10-րդ դասարաններում շաբաթը 2- ական ժամ մաթեմատիկա մտցնել, բայց այնպես, որ աշակերտները չիմանան. որպեսզի չփախչեն: Երեք տարի անընդհատ այդպես պարապել եմ (լրացուցիչը՝ ձրի):

Իմ աշխատանքի առաջին 25-30 տարիներին հարյուրավոր աշակերտների, ծնողների խնդրանքով, պարապել եմ մեր տանը՝ առանց վարձատրության: Այն ժամանակ փողով պարապելը մոդա չէր, իսկ ինձ համար պարապելը ոչ մի դժվարություն չէր ներկայացնում, նույնիսկ բավականություն էի ստանում: Ինձ համար մաթեմատիկա սովորելը և սովորեցնելը հեշտ էր ու ցանկալի, ինչպես սովորական մարդկանց համար օդ շնչելը, թռչունների համար թռչելը…

Աժմ, երբ դպրոցում չեմ աշխատում, դարձյալ զբաղվում եմ մաթեմատիկայով. դա իմ հոբին է: Օրական 2-3 ժամ զբաղվում եմ ինքնակրթությամբ, պարապում եմ իմ մտերիմների երեխաներին:

50-ական թվականներին ակտիվորեն մասնակցել եմ  <<Математика в школе>>   ամսագրի մրցութային խնդիրների լուծմանը և երկու անգամ այնտեղից ստացել եմ գնահատանքի ու խրախուսանքի թուղթ: Իմ անվանը կարելի է հանդիպել այդ և <<Մաթեմատիկան և ֆիզիկան դպրոցում>> ամսագրի համարներում:

Եղել եմ ուսուցիչների հայաստանյան համագումարի պատգամավոր, նստել նախագահությունում, այն էլ՝ Կարեն Դեմիրճյանի հաջորդ շարքում:

Մի քանի տարի անընդմեջ, շրջանի մեթոդկաբինետի վարիչ Սեդա Մարգարյանն ամեն ամսվա մի օր, փորձի փոխանակման նպատակով, ինձ մոտ էր բաց դաս նշանակում:

Իմ լուսանկարը տարիներ շարունակ Գորիսի կենտրոնական զբոսայգում տեղակայված <<Շրջանի առաջավորները>> վահանակում իր տեղն ուներ:

Ատեստացիայով անցել և ստացել եմ <<ՈՒսուցիչ-մեթոդիստի>> կոչում: Պարգևատրվել եմ ԽՍՀՄ Լուսավորության մինիստրության և երկու տասնյակից ավելի ուրիշ պատվոգրերով:

…Մի անգամ Հարժիս գյուղի խաչմերուկում սպասում էի ավտոբուսի՝ Գորիս գալու համար; Առավոտյան ժամը յոթն էր: Գորիսից <<Волga>>  մակնիշի մի ավտոմեքենա դեպի Երևան էր գնում: Հանկարծ կանգնեց: Մեքենայում նստած էր մեր՝ Գորիսի շրջկոմի առաջին քարտուղար  Ռոբերտ Ալեքսանյանը: Ասացի, որ գիշերը մեղվափեթակների մոտ եմ եղել, ուզում եմ գնալ Գորիս, սպասում եմ Սիսիանից եկող ավտոբուսին: Նա մեքենան շրջեց, ստիպեց ինձ նստել մեքենան, բերեց թողեց մեր տանը և ետ վերադարձավ: Դրանից էլ մեծ հարգա՞նք…

Մի անգամ Մոսկվայից եկել էի և ուզում էի անմիջապես գալ Գորիս: Ավտոբոսից իջա <<Արմենիա>> հյուրանոցի մոտ ու հանդիպեցի այն  ժամանակվա մեր շրջկոմի առաջին քարտուղար Արամ Հարությունյանին: Նա ասաց, որ ճանապարհվում է Գորիս, որ կարող եմ միանալ իրենց: Արտաշատի կողմերին դադար առանք մի ճաշարանում: 10 հոգի էինք: Տպավորությունն այնպիսին էր, ասես ես հոբելյար էի կամ իմ մեծարման արարողությունն էր:

Արհմիության շրջանային խորհուրդը 40 տարի շարունակ ինձ տվել է սանատորիական ուղեգիր: Ինձ միշտ էլ հարգել ու հիմա էլ հարգում են իմ աշակերտները: Չեմ հիշում մի դեպք, որ իմ աշակերտներից որևէ մեկը մեքենայով անցներ ու ինձ չվերցներ:

Մի անգամ Կիսլովոդսկի սանատորիայից եկա, Երևանում իջա, ցերեկվա ժամը չորսի մոտերքն էր: Անմիջապես հասա փոքր օդանավակայան՝ մտածելով, որ գուցե Գորիսի վերջին ինքնաթիռին հասնեմ: Հասնելուս պես ռադիոն հայտարարեց՝ Գորիս մեկնողներն անցնեն թռիչքի: Մոտեցա դրամարկղին, ասացին, որ տոմս չկա: Դուրս եկա, որ գնամ բարեկամի տուն, ռադիոն հայտարարեց՝ Հակոբջանյան Գագիկ, մոտեցեք երկրորդ դրամարկղին: Երկու անգամ էլ կրկնեց: Ետ եկա, տոմս տվեցին ու ասացին. << Արագացրեք, ինքնաթիռը ձեզ է սպասում>>:  Դա անակնկալ էր ինձ համար: Պարզվեց, որ ներսից իմ նախկին աշակերտուհի Լիդան(Բադալյան Ռաֆիկի կինը) տեսել էր ինձ ու անմիջապես գործի անցել:

2-3 օրով Երևան էի գնում, բավական էր նախկին սաներիցս մեկը տեսներ. հերթի էին դնում ու հյուր տանում:

Դժգոհ չեմ ապրածս կյանքից, բնությունից, Աստծուց, չնայած…Աստծուն չեմ հավատում: Ասեմ՝ թե Աստված լիներ, Հայաստանը քանդողների բկիցը կբռներ, կխեղդեր, չէր թողնի, որ երկիրը քանդեն: Կասեր՝ դուք ո՞վ եք, որ էս ժողովրդի 70 տարիների ստեղծածը քանդում եք, ի՞նչ իրավունքով:

Ես ձգտել եմ ոչ մեկին վատություն չանել, չար, խղճիս դեմ գործ չկատարել: Ոչ մի թույլ աշակերտի <<2>> չեմ նշանակել: Մտքումս ասել եմ՝ երեխան ի՞նչ մեղք ունի, որ բնությունը նրան մաթեմատիկական ընդունակություն չի տվել: Մտածել եմ այնպես ապրել, որ մեռնելուցս հետո ոչ ոք չասի՝ շուտ մեռած պիտեր:

Ինչքան հնարավորություն եմ ունեցել այս երկրին ու  մարդկանց տալու, տվել եմ: Ես երկրին ոչինչ պարտք չեմ:

Ընկերություն եմ արել մի քանի լավագույն ուսուցիչների հետ: Նրանք միաժամանակ լավ մարդիկ էին, նվիրված ընկերներ, նեղ օրի հասնող ընկերներ. Արարատ Հակոբյան, Հովսեփ Բաղդասարյան, Լազր Ստեփանյան, Ալում Վանյան…Առանց խոսքի, իրար աչքերի նայելով՝ կռահում էինք չասվածը:

Ամենավաղեմի ընկերս Գրիշա Մանուչարյանն է, կրթության լավագույն գիտակ և ֆիզիկայի ընտիր ուսուցիչ, որի հետ ծանոթացել եմ Բաքու քաղաքում, երբ ընդունվում էր ինստիտուտ:

Եվ Վոլոդյա Խաչատրյանը (Շինուհայրից), որը մեր շրջանի առաջին համալսարանավարտն էր:

Արարատ Հակոբյանը եղել է իմ մանկական ընկերը: Նա ֆիզիկայի լավագույն մասնագետ էր, միաժամանակ ուներ մաթեմատիկական արտակարգ ընդունակություններ: Նրա մահից անցել է հինգ տարի, սակայն նրա որդիները՝ Կամո և Կորյուն Հակոբյանները, շարունակում են ինձ  հարգել այնպես, ինչպես հարգում էր իրենց հայրը:

50-60ական թվականներին, երբ իմ աշակերտներ Ֆլորա Շիրինյանը, Սարգիս Կարապետյան(երկուսն էլ Շինուհայրից), Արթուր Չերքեզյանը (Գորիսից), Քաջիկ Օհանյանը (Գորիսից) մաթեմատիկայի հանրապետական օլմպիադայի եզրափակիչ տուրից վերադարձան հաղթանակով՝ բերելով 1-ին, 2-րդ կարգի դիպլոմներ, մաթեմատիկայի ուսուցիչները բարի նախանձից նոր թափ վերցրին:

Իրոք, որքա՜ն էին տաղանդաշատ աշակերտները՝ Ժորա Շալունց, Սվետլանա Իսախանյան, Սևադա Հայրապետյան, Գուրգեն Իվանյան, Գագիկ Հարությունյան, Յուրա Սաֆարյան, Էդիկ Հարությունյան…

Չշարունակեմ: Թվարկումս երկար պիտի ձգվի: Չվրիպեմ…

Ինձ հաճախ են հարցնում, թե նորից ծնվեի, էլի՞ մանկավարժությունը կընտրեի: Էլի՛, եթե հազարերորդ անգամ էլ ծնվեի…

Գագիկ Հակոբջանյան

<<ՀԱՄԱՅՆՔ>> ամսագիր, թիվ 6, 2002 թ.


Կարդացեք նաև