Մեր Մռավյանը` Թատրոնի ու Թայիրի դիքերի միջև

Գորիս, թատրոնի շենք, նախկին

Թատրոնի շենքը...արդեն ավերակված, բայց` եզակի...Դիմացի մուտքը դպրոցինն էր...

Մռավյանը մեր փողոցն էր…

Փափազյան ու Ներսիսյան հյուրընկալած, մի օրհնյալ գերմանուհու հովանավորած թատրոնի շենքի փողոցն էր, քաղաքի առաջին` յոթնամյա դպրոցի փողոցն էր, Ճել Ավան բիձայի փողոցն էր, երկար ու ոլորուն «կատանկայով» խցանված առուներ բացող ու «կոնկուրսներին» Գուսան Աշոտի «Հով գիշեր, զով գիշեր» երգով նայլոնե «սարոչկա» շահող Նուբարին Վալոդի փողոցն էլ էր:

Մռավյանը տարեգրություն էր ու պատմություն:

Մռավյանի ամեն տուն ու հարկ հյութեղ կոլորիտ էր:

Մռավյանը կտավ էր…

Հա՛, բոլորիս փողոցն էր. իմ պապ ուստա Ռուբենի ու դալլաք Գիրիշի, Սանամին Գուրգենի ու Քյարուն Լևոնի, կինոյի բուֆետչիկ Մեսրոպի ու Միրումին Խաչոյի, Տըռոզին Արսենի ու ժամագործ Արմոյի, Ռըհանին Սերոժի ու «պարտնոյ»(սա մեր իմացած դերձակը չի՜. կլիենտի չափսերը անսանտիմետր՝ բութ մատի ու ցուցամատի բացվածքով՝ «կեղով» էր վերցնում) բուլվարի Ջհանգիրի, իսկը դասական կերպար, գրադարանավարուհի Անուշին Էմմայի ու Ռեհանի, Ճելուն Արփիկի…

Չմոռանամ Կուստուն Սամսոնին ու Վարդանուշին, Սոփուն Վանուն ու տըղըցի Գրիգորին, Զաքուն Վալոդին, Ալվարդի ու Դոնաքսի մայր Հասմիկին, Աստղիկին Սիմոնին ու Մարդի դայուն, Երվանդին ու Էդոյին, Գրիգորին ու Հայկուն, Երեմին ու Մարտունին, իմ փոքր հորեղբայր Կոլյային ու Մանվելին…

Էն եկող` մյուսներին, չմոռացա. նրանք ակսակալների փեշերից բռնած են գալիս կամ մեր փողոց են եկել հետո, տների` իմ տեսած տերերը չեն, ու…Մռավյան-կտավի վրա իրենց…ներկը դեռ լավ չոր չի:

Չեն նեղանա, որովհետև պապիս շարքում չհիշատակեցի նաև իմ հայր Ժորային:

Հորը քնքուշ ասո՞ւմ են, չգիտե՛մ, բայց իմ հայրը, որ արհեստանոցաբույր, հաստոցների հետ զրուցող պինդ ձեռքեր ու ճկուն մատներ ուներ, քնքուշ էր. մեր` երեխեքի ունքամեջն իր տրամադրությունն էր:

Մռավյանը փողոց չէր, Մռավյանը տուն էր, օճորք էը. սերն էր էլ մի տեղ, կռիվն էլ, բարիշելն էլ…

Կռիվ ասացի ու…

Ո՜նց չպատմեմ:

***

Ասենք, Մարդի դայու ու Երեմի` մայթի կեռասի ծառի համար չավարտված, իրենց հետ էլ էն աշխարհ տարած  պատերազմը…

Ծառը Մարդի դայու պատուհանի տակ էր:

Երեմը կալիդորի՝ երկարուկ միջանցքի, խորքում էր ապրում:

Ուշ էլ եկել էր, բայց կասկած չուներ, որ ծառն իրեն ու միա՛յն իրեն է պատկանում…

Երեմը Մարդի դայուն որդի կսազեր, բայց ո՜նց էին իրար յախից բռնում, ու ի՜նչ՝ շերտ-շերտ ուշունցներ՝ լուտանքներ էին հեղվում:

Մեկ էլ՝ Մարդի դայու կոպալն, դը՛մփ, իջնում էր մեր խեղճ, մի պճեղ Երեմի գլխին ու…

Ու` Երեմը չկա՜ր…

Մարդի դայու հաստ ապակիներով ակնոցների տակ, անգամ է՛դ պահին, խեղճություն չէր գալիս. երևի կյանքը շատ էր ուտում:

Արդեն գալիս էր Երեմի կին, քչախոս, վարսը մեջտեղից ճղած, ձիգ «կոսով» Մարգուշը, որին հետ էին պահում Մարդի դայու տարազով կողակցի` Սոփի բիբու` օդին պահ տված չանչերը, որ վավերացվում էին «ղաբի» թևքի արծաթադրամների զրնգզրնգոցներով…

Քիչ հետո գալիս էին շտապ օգնության մեքենան` Կադալի «ԳԱԶ-21»-ը, ու միլիցիայի` հիմնականում` խնդրո տեղամաս-կալիդորի նախկին բնակիչ Աշոտի` Բիզլիկի մոտոցիկլետը:

Մեծն…ատյանի համայնապատկերն իր սրված, լոստրիկ կերպարանքով ամբողջացնում էր թաղայինը` միշտ զգաստ, ոսկորը թեթև, իր բանիմացությունն անհերքելիորեն ընդգծած Թունյան Արկադիան` քիչ վարից` Իվանյանենց հայաթից…

«Նիստը» գումարվում էր Մեսրոպենց հաղթ ընկուզենու տակ…

Վիթխարի Թումանյանին ու իր վիթխարի ընկուզենին հիշեցի…

***

Ի դեպ, Իվանյանենց(միլիպետ Իվանյան Մեսրոպի անունով էր նշվում) հայաթի հետ էլ մենք լավ հարաբերությունների մեջ էինք. մեր «սամթի« ժողովուրդ էին:

Մեծերն իրար հետ ակտիվ անց ու դարձ ունեին, ջահելներս էլ թիմեր ունեինք բակային խաղերի` լապտայի ու յոթքըրընուկի, ստոպի ու կաշավառի, վեքիի ու կընդըմըհակի…

Հետո՝ սիրուն, վիթ-վիթ աղջիկներ, երկու տեղն էլ՝ որքա՜ն ուզեք…

Մի տեսակ խորհրդավոր հայաթ էր` հետաքրքիր «նորեկ» հայերով` բազմափեշակ մարդկանցով, հացթուխ Հայկանուշով, ալկոհոլի թուլությամբ ու ազդեցությամբ մենախոսող, կոշկակար Սամվելով՝ Սամվելիզմով, կար անող Լուսյայով, անասնաբույժ Վաղոյով, Քաջիկ-Չարիկով, նրանց քեռի՝ ավտոբուսի վարորդ Ռազմիկով՝ Ազիով, սեփական հարգն իմացող Չիրոյաններով, Դասոյով, Սալբիով ու Եփով, Հայոյով ու Թունյան եղբայրներով, բըզարին՝ տոպրակ ծախող, շա՜տ պատկառելի մարդ Արտաշով ու իր` հաշմանդամության համար իրեն տրամադրված «Տեզ»-ով՝ «Զապ»-ով…

Հիշեցի նրա աղջիկ Անոյին. ՏԵ՛Ր ԱՍՏՎԱԾ. ի՜նչ ճարպիկ աղջիկ էր ու` գեղեցիկ…

Մի քիչ… գողականոտ ու քուչի լավ տղեքի մի…համաստեղությամբ…

Իր հագ ու կապով, եզակի գունային համադրություններով, հիմնականում՝ սև-սպիտակ արվեստ-կոշիկներով, դեմք էր գազի Ֆիգուրովը, թե ճիշտ եմ հիշում` Գառնիկը…

Եվ՝ հայաթի «մեղավորի»՝ Խոտ գյուղացի Իվանյան Մեսրոպի ու քարահունջեցի Ասյայի ընտանիքը՝ Նելսոն ու Վաչագան որդիներով, բժշկուհի Նորայով…

Ինձ միշտ ձգում էին էդ հայաթի բնակարանները, առաջին հարկերն առանձնապես` խորը, խորհրդավոր, մի տեսակ արվարձանային՝ իմ պատկերացրած հոտով:

Տատիս հետ շատ էի հայտնվում այդտեղ` հացթուխների հետ օր պայմանավորվելու, անասնաբույժ Վաղոյից այց խնդրելու, տարբեր՝ շատ առիթներով էլ:

Համ էլ էդ հայաթին կից էր «Յուղարդը», որի շենքում էլ հենց ապրում էր տատիս… քույրացու, «Յուղարդի» Արփիկը, որի տուն գնալն ինձ համար տոնի պես էր. պլյուշե գո՜րգը՝ անհոգ հեքիաթով, «դողաշարած»` ձիգ ծա՜լքը, մաքրության հո՜տը, բա թակած տոլմա՜ն՝ խնձորի չիրաբույրով…

***

Ես Արուս տատիս մասնիկն էի. տանը, խանութ, հյուր գնալիս ու բազարում ամառվա՝ ըմըռնենի խնձոր ծախելիս. ես փափուկ կտորով փայլեցնում էի խնձորների թշերը, տատս բուրգաձև շարում էր դրանք` փայլերը դեպի հաճախորդները…

Տատս, տատավարի սիրելուց բացի, ինձ շատ հավան էր. ասում էր` աշպո՛ւտ խոխա ես…

Տատիս խաչի ընկերն էլ միշտ ես էի:

Դերմատինե սև տոպրակի մեջ փափուկ տեղավորում էր անպայմա՛ն գունավոր աքլորին, տալիս ձեռս ու, մոմ, լուցկի, աղ ու դանակ առած, ճամփա էինք ընկնում:

Խաչի ստորոտին հասնելուն պես, աքլորը հանում էր, ոտքերի կապն արձակում ու տալիս ինձ:

Մի անգամ(իսկ տատս տարվա մեջ բազմաթիվ մատաղներ էր անում՝ բոլոր երեխեքի, թոռների անուններով, հանկարծակի ծագած խնդիրների առիթով) աքլորը թևերը թափահարեց, ճղճղաց, թռավ դեմքիս, ես էլ վախից՝ բաց թողեցի:

Տատս՝ թե՝ վախե՛ս վեչ, բալա՛ս կծեմ, էս տարածքան նա փախնիլու չի:

Ու՝ իսկապես. ինձնից մի քանի քայլ հեռու, տատիս ասած՝ խոնարհ չճկռեց…

***

Էլի կռվախնձոր կեռասենուն դառնամ. ծառը մեկ անցնում էր Մարդի դայուն, մեկ` Երեմին…

Վերջինիս…իշխանավորման դեպքում, Երեմի հավաստմա՞մբ, թե՞ բամբասմամբ, Մարդի դային իր ցասումն արտահայտում էր գիշերները խեղճ կեռասենու տակ միզելով…

Երեմն էր ասում` ի՜նչ իմանաս…

Պատմածներից եմ հիշում, որ թե, իբր, հենց նույն միլիցա Աշոտ-Բիզլիկն էլ է էդ կալիդորում շա՜տ կոնֆլիկտներ ունեցել Աստղիկենց հետ. մի մշուշոտ պատմություն եմ հիշում. իբր պատի` պերեգարոտկայի ծակից, մեկը մեկելի տան դոշակից բուրդ է թռցրել-հանել…

Ի՜նչ իմանաս…

Ի դեպ, էդ նույն կեռասենին շա՜տ պղտոր ջրեր էր տարել-բերել նաև Մարդի դայու ու Աստղիկի Սիմոնի միջև…

Նրանց` էդ երեքի կալիդորում(խուտըցի Գրիգորին չմոռանամ` չորսի) կրքերը հա՜ բորբոքվում էին:

Իսկ մենք գիշերով, հեռվից մեկնած կեռչանով, վայելում էինք կարմրաթուշ կեռասը, դառը կիսախակից` կունդուլից սկսած…

Առավոտները Մարդի դային, ի դեպ, շա՜տ փայլուն՝ լակիրովաննի ձեռնափայտով, ցրիվ էր տալիս գիշերվա մեր ավարից մնացած տերևներն ու կոտրտված ճյուղերն և, ոչ միայն քթի տակ, մեղավորներիս մայրիկներին…«հղում» ուղարկում…

Խե՜ղճ մեր մայրեր…

Ասեմ` անամոթ էլ էինք…

Գողանում էինք շա՜տ ծանրակշիռ մարդ, կինոյի բուֆետչիկ Մեսրոպենց՝ Ազուց տըկողինը՝ պնդուկն ու եմշատանձը, յասամաններն էլ, Ելենենց ռուսի շլորը, մեր բոստանի վերին հարևան` Սուլեյմանյան Լաուրի մորին, Կյալուստին ու Ճելուն Արփիկի ճուղուպերը՝ ընկույզը, Վանուն Սոփուն խնձորները…

Բռնվում-պատժվում էլ էինք, թուք ու ամոթանք էինք ուտում, բայց, մե՛կ է, արշավում էինք…

***

Սա մեր մանկության…անտոմս, անփող, անկարգ ու անէկրան կինոներից էր:

Մեկ-մեկ ինձ բռնում եմ այն մտքի  վրա, թե խի՞ էինք երեխեքով սիրում մտնել էդ կռիվների երակն ու մտիկ տալ, ականջ դնել:

Մենք էլ լարվում էինք, բայց պլզած ու խլշած նայում-հետևում էինք:

Հայ ենք` գուցե:

Մենք` աղջիկ երեխեքով, ասեմ` այդ…կինոյի սկզբին էինք միայն մոտիկից ականատես լինում:

Հետո, հայրերի ու ավագ եղբայրների խեթ, շամփրող հայացքները մեզ նետում էին տուն ու զրխկոցով փակվում էին լուսամուտները, «րուչկեքը»՝ պինդ ոլորվում:

Բայց,  կրախմալած «փարդաների» հետևից, ծուկ-ծուկ անել հաջողում էինք:

Բա դա բաց թողնելու բա՜ն էր…

Նման «դուետների» պակաս չունեինք. մեր փողոցում` քանի տղամարդ ու կին, դեռ կատարները տաք տղերքը՝ չասած, էդքան` դուետ(չնչին բացառություններով)` ավելացրած հավանականության տեսության խաչաձևումները:

Կանանց ճղճղոցի թեմաներն ամենատարբեր էին…

Կամ` կանանց ի՜նչ թեմա. է՛լ մայթին փռած բրդի մեջ նետված քար ու ավազ, է՛լ պատուհանի` իրար քարով տալուց կամ ստոպի խաղալուց կոտրատված ապակի, է՛լ մեկի մարդու կամ կեսուրի ուշադրությունից սրտնեղություն ու` սարքած պատճառ, է՛լ «հավաստի» աղբյուրներից մեկի` մեկելի ականջ խոթած բամբասանքի ծվեններ…

Կանանց կռիվները հիմնականում… միջպատուհանային էր. լայն բացում էին պատուհանները, քշտած թևերով կանգնում մեջտեղում ու բարձր ծկըլթոցով՝ «Աղջի՜, հալա մըն տո՛ւս եկ» ասելով, նետում  մարտահրավերը:

Բացվում էր դիմացի կամ անկյունագծային տների պատուհաններից էլի մեկն, ու` աբուռ էր, որ գետնին էր հավասարեցվում…

Թվում էր` աշխարհի վերջը, հեսա՛, ուր որ է, եկավ, բայց մի երկու օրից, հագած-կապած, իրար թև մտած, թիթիզ-միթիզ ծիծաղելով, գնում էին Գոգոյի մսի խանութում հերթ պահելու, կա՛մ՝ ծնողական ժողովի, կա՛մ էլ` հնդկական կինո նայելու…

***

Ա՜յ, կինոն, մի այլ, մի ուրիշ խոսակցության նյութ է, ի՜նչ արին տնաշենները, ո՜նց կարելի էր` վերցնել ու մի ողջ քաղաք` մի ողջ արվեստասեր ժողովրդի, թողնել առանց կինոյի…

Արին` էլի՛…

Իսկ կինո մենակ կինոդիտում չէր:

Կինոն քաղաքակրթության մշտաներկա լինելն էր:

Կինոն իրադարձություն էր:

Կինոն միշտ պատրաստի, գոնե, մի քանի ձեռք մարդամեջի հագուստ էր:

Կինոն օրը պլանավորելն էր:

Կինոն իրար տեսնելու հրա՜շք հնարավորություն էր:

Կինոն ջահելների հայացքների ու մտքերի հատման տեղ էր…

Կինոն կոլորիտային` իրենց` հսկիչային դերի գերկարևորմամբ, Ատին ու Սիրանն էին, բուֆետչիկ Մեսրոպն էր` իր բուֆետ-Եվրոպայով, Սետու ու Բրոնֆիկի ստիլյագ կրուգն էր:

Կինոն Կոլոյի էտաժ-էտաժ՝ սպասված ծիծաղն էր:

Կինոն սեանսներին չրչրթոցով բացվող պլիտկաների ֆոլգայաձայնն էր:

Կինոն, տեխնիկական խոտանի ժամանակ, «փի՜-նա՜-չի՜» վանկարկումն էր:

Կինոն օրվա…բռնոթին էր…

***

Կիսատ մնացած խոսքիս դառնամ` հիմա եմ միտք անում, հիշում` չէ՛, հարս ու կեսուրների հայ թամաշա կռիվներ չկային, իսկ ընդհատակյա անհամաձայնություն-ատելություններ` ինչքա՜ն ուզեք…

Հարս ու կեսուրները հարմար պահերին էշխով քըսըփըսի էին անում, բայց տան «մըսլըհաթը» չոլը չէին գցում` դուշմանի դոշին մի «պուլ»  յեղ` յուղ չէին քցում…

Իրենք չէին գցում` բայց հո տեսնո՜ւմ էին…

Բայց ստացվում էր, ու էդպես էլ ապրում էին` զավակներ մեծացնում, տատ ու պապի անունով կոչում, իրար «պոդրուկ» արած տեղ էլ էին գնում, ծուխ էին ծխեցնում:

Ասում էին` «Լա՛վ ա, փի՛ս ա, իմ պաժինս է՛ս ա…». լավ էր` էն ժամանակ թրաֆիքինգն ու դեմոկրատիան դեռ քթներիս քամի չէին փչել, դեռ` «Տե՞ր ես, տե՛ր եմ»-ը կռճիկի չափ պինդ դաշինք էր` չնայած էն ժամանկվա «լեվին» էլ ուրիշ «լեվի» էր…

***

Հենց էդ ժամանակներից եմ հիշում` «Ուրիշի լավը մեզ չեն տալու», «Հըրեվանի աղջիկը միշտ ծոռ ա ցեթում», «Լավ մարդ չկա(տղամարդկանց նկատի ունեին), փիսի հերն էլ շոն տառնա», «Տըքրակինը վեր լավ պան ինի, ԸՍՏԸԾՈՒՆ էլ կինի», «Ըռավետը շուտ յեր կենող ապրանքը կողքի նստածին մեջքին թրքում ա, հետո՝ տուս կյամ», «Ղարաչի կընեկը վեչ ռաստ կյա», «Վախի էն կետան, վեր վեչ վըշշում ա, վեչ` թըշշում», «Ախպերը ախպորը մեռնիլն օզում չի, բայց լավ ապրիլն էլ չի օզում»…

***

Էդ կռիվները՝ տղամարդկանցն էլ, կայծակի պես բաներ էին. լինում էին, իրար շանթահարում էին, մեկի մի… տեղն անպայման մզում էր, մեկի մի տեղին կարեր էին դնում, մեկին հանրային պարսավանքի էին ենթարկում ինտելիգենտ կանայք, ասենք, օրինակ` գրադարանավարուհի Անուշի Էմման…

Մի անգամ մայրիկիցս, որ կռիվներում սովորաբար չէր հայտնվում, նա լուրջ նեղացել էր…

Ձմռան գիշեր էր, եկավ մեր տուն ու խստաբարո ասաց` «Ասյա՛, չէի սպասում, էսօր կեսօրին քո ձայնն էլ լսեցի, բա քեզ սազա՞ց»…

Կռիվն էլ, իրոք, պիտի սազեր, պիտի քոնը լիներ…

Կռիվներից հետո, մի քանի օր փողոցն ասես ճապաղում էր, հետո մեկը տան մայթին դնում էր զույգ տաբուրետկա ու նարդի, դոմինո կամ շաշկու դաշտ ու…

Ու` կաթուկ տալով, գալիս էին…

Միանգամից չէին գալիս, մի քիչ նազ անելով էին գալիս, մի քիչ հեռվում կանգնում, ծխում կամ շվշվացնում էին, հետո, «ուստա օյինի» ավարտից կամ «կոնից» առաջ, շարք էին կանգնում…

Ու, անգամ Մարդի դային ու Երեմը, ախպերներ էին դառնում ու, կալիդորի մուտքի աստիճանների վրա, բալի մուրաբով ու Սոփի բիբու փափուկ, հեսով բաղարջով թեյ էին խմում:

Հետո մեկի տնից գալիս էր ծաղկավոր սուփրան, մեկի տնից` հացն ու պանիրը, մեկից` թթուն ու օղին, ու` ջա՜ն ախպերություն…

Հետո կրկին կատարներ էին կարմրում, հետո նարդին էին շուռ տալիս, դոմինոյի ու շաշկու քար ու թղթերը՝ շպրտոտում, հետո օդում կոշիկ ու դամաշնիկներ էին խաչվում, ու ամենքը հիշում էին իրենց «էրած կաշիներն», ու…

Էլի գնա՜ց…

Հետո, հայրերի ու ավագ եղբայրների հայացքների հետագծերով, մենք չքվում էինք:

Բայց հո եվրոպատուհաններ չէին, ու մենք…վայելում էինք հերթական սցենարը` ներքուստ ամաչելով մեր մենակ լսած ուշունցներից:

***

Բայց, չտար ԱՍՏՎԱԾ, թե մեկի…մազը ծռվեր:

Մեր արական հատվածը դառնում էր մի մարդ, մի միտք, մի ձեռք, մի կամք, ու` հրդեհ էր` բնում խեղդվում էր, սառած ջուր ու տրուբա  էր` գեյզերի պես ժայթքում էր:

Ո՜նց  էին…չրթվում ու դարսվում  կամազներով բերված թաց փայտերը:

Ո՜նց էին տանիքներում տեղավորվում խոտի խրձերը:

Ո՜նց էին, կախարդական փայտիկի արագությամբ, շարվում հանդիսությունների սեղան-նստարաննները:

Ո՜նց էին «մըշալաներով»` ջահերով, դիմավորում փեսին, ճամփու դնում՝ հարսին:

Էդ պահերին Մռավյանը մի մարդ էի, մի ձեռք, մի հոգի, մի օճորք…

***

Մռավյանն ինքն իրեն սպասարկող էր. վարսավիրը կար` Գիրիշը, ժամագործ Արմոն կար, Ուստա Ռուբեն պապս կար, արհեստավորները` ծո՜վ, տաքսիստները`վայելչատես Սոֆուն Ազոն ու Փիս Լակուտը` շա՜տ հիանալի մարդ Էդոն(ինձ թվում է` նրա մականունը փաղաքշական երանգով է) կային, դերձակները` Ջհանգիրը, մայրս` Ասյան, ու Սիրազարդը կային, բուժքույրեր Ասյան ու Ժասոն կային, ճաշ եփող, հրեղեն Սեդան կար, մեղվապահները կային, կով պահողները կային, Կուստուն ու Սանամենց հացատները կային, վռազ պարք տվող կինոյի Մեսրոպը կար…

Փողոցը` թեկուզ խինդողնի թփերով ու էշի տըռտըռով, թեք ու քարքարոտ` կար, փայտե նստարաններն ու, փոս ընկած քարերով, դրսի աստիճանները կային, մեծահարուստ տոհմից սերված Սանամ բիբուց փառահեղ փայտե պատշգամբը կար, իրար հա՜ր տեսնելու ցանկությունը կար…

Եվ ամենակարևորը կար` թատրոնը` հովհարներով ու ճեմասահք կանանցո՜վ, եռքո՜վ, լույս ու կրակո՜վ, հռչակավոր դերասաններին տեսնելու երջանկությա՜մբ…

Դպրոցը կար` նույն` եզակի նախագծով թատրոնի շենքի երկրորդ հարկում:

Բուֆետը կար, բիլիարդանոցը կար, դպրոցի տնտեսվար Գյոզալի պահեստները կային, որտեղ, իրենից բացի, օձն իր պորտով անգամ, մուտք չուներ…

Մռավյանը Գորիսի բաբախող սիրտն էր…

Մռավյանը կյանք էր, Մռավյանը հեքիաթ էր…

Մռավյանը պետություն էր՝ Թատրոն մայրաքաղաքով…

***

Բա թասի՜բը…

Մեկը թող փորձեր մի քիչ թեք նայել թաղի հասած աղջիկներին. հարցերը տեղում լուծվում էին. Լյովան ու Ազոն, Մայոն ու Մերուժը, Բեդոն` Գրիգորն ու Ծիրիկը` Գագոն, Մհերն ու Սևադը, Հաչոն ու Տըմբըզը` Արայիկը, Ժիրայրն ու Նոնոշը` Նորայրը, իմ եղբայրներ Ռուբոն ու Մարատը կթողնեի՞ն, որ հավքն իր թևո՜վ…

Իսկ թաղում ի՜նչ աղջիկներ կային` Ջուլիետն ու Ռայան, Շողերն ու Մանիշը, Էլլան ու Անոն,  Սեդան ու Սոնյան, Արոն, Մայան ու Մելանը, իմ ամենամտերիմ դասնկերուհիներ Ալինան ու Նինան, յայջըցի Սուսանը, Ալվարդներն ու Լիդան, Թերեզի աղջըկերքը…

Մի քիչ էն կողմ՝ Բարսեղյանի Աչոնն ու Սիրազարդի Անիկն ու Սոսոն՝ Սուսանը, Չերքեզյաններ Էլեոնորան ու Մարգարիտան…

***

Տղերքն էլ` կարգին. տուտլի-մուտլի` չունեինք…

Բայց…

Բայց քույր ու եղբայր էինք, և պատահական չէր, որ չնայած երիտասարդների  փայլուն համաստեղությանը, ոչ մի զույգ Մռավյանում չստեղծվեց. իսկ համակրանքներ` կա՜յին…

Շա՜տ…

Բայց` քույր ու եղբայր էինք, ու դա՝ միտքն անգամ, ասես, չներվող մեղք էր:

Իմ հորեղբայր Կոլյայի ասած` դա «յափուշխանած» թեմա էր…

Բայց ինքն էլ թաքուն հայացք ուներ…

Գուցե դրա համար էր մոտոցիկլետով Թայիրին դիքում «վարպետության դասեր»  տալիս, որոնցից մեկի ժամանակ ինքն ու Ափոյին Կաչին հազիվ մազապուրծ եղան…

***

Մեր բաժին Մռավյանը հիմնականում…քարտեզագրվում էր թատրոնի շենքից մինչ Կուստուց, Էդոյենց տները` թատրոնի դիքից մինչ Թայիրի դիք…

Մեկ-մեկ էլ ձգվում-ներառում էր մինչ ԴՕՍԱԱՖ-ն ընկած հատվածը` Նուբարին Վալոդի ու ծննդատան Գոհարի սահմանագծով, վերևից էլ՝ մինչ Խասանենց, Հաջունց, տըղըցի Իսակ-Միսակենց՝ ներառելով Թութուն Ռոմիկի, Անդրեասի Սերոբի ու Սուրենի տները…

Այստեղ էլ՝ պատմություններ՝ անծիր ու զավեշտալի…

Մյուս թևում նկարիչ Լևոնենք, Վալոդենք էին…

Մյուս թևը՝  Բարսեղյանների, Բոխճի ու Սոնա բիբու, լրջաբարո Փարամազյան Բենիկի հետ, եզրագծում էին քաղաքում իմացության էտալոններից՝ Չերքեզյանները: Նրանց դիմահայաց էր Ճել Ավան բիձայի՝ գրական քանքար դարձած տունը…

Բայց այնտեղից մեզ մոտ գալիս էին կամ…պատվավոր հյուրի կարգավիճակով կամ՝ մերը չէին…

***

Մեր բաժին Մռավյանը հիմա Խորենացու անունն ունի, հիմա ակսակալները պատմություն են, նրանց որդիքն էլ, թոռներն էլ մի նոր, մի այլ սերունդ են:

Չգիտես` պա՞ղ են, թե՞ անտարբեր, հոգնա՞ծ են, թե՞…

Ուրիշ են:

Հիմա նրանք Մռավյան են ընդամենը հիշողությունների ֆոնին, պորտի շառավիղներով:

Հիմա նրանք հիմնականում հեռուներում են, շաղ եկած են, սրտներում կարոտ ունեն, բայց հոգսերի պարանը ցցից պոկել չեն կարողանում…

Մեծացել էլ են:

Հետո էլ` էն ժամանակները մնացել են էն ժամանակներում:

Էն ժամանակներն ուրիշ էին:

Հոգին ուրիշ էր:

Արժեքներն ուրիշ էին:

Կյանքից ուզածն ուրիշ էր. աչքները պակա՛ս ծակ էին, սիրտները պակա՛ս նեղ էին, մտքները պակա՛ս ծուռ էին…

***

Հիմա մաղվում է արդեն մեր սերունդն էլ` մեր թաղի գեղեցկուհի Ռիմիկը գնաց, Թորոսը գնաց՝ մեր թաղի ամենաճարպիկ աղջիկ Անահիտը, Ազոն ու Սերոբը, Մերուժը` մեր չարուբարի Մերուժը, հաղթ Բեդոն՝ Գրիգորը, եղբայրը Ծիրիկը՝ Գագոն, հիմա էլ՝ իմ դասարանցիներ՝ Հրաչն ու Սևադը:

Լյովան էլ չկա, Մայան էլ չկա…

Հիշում ենք միշտ, որ Մայան Մարգարիտի Գագոյին կընդըմըհակով մինչ Հենզելի դեղատուն զըռռացրեց. մենք էլ էինք էդ չգրված կանոններով խաղի դաժան…շքերթում:

Ի դեպ, կընդըմհակին ուրի՜շ բան էր. այնքա՜ն հիշողություններ կան:

Հիշողություններ` ճշտի, ազնիվի, չխարդախելու:

Դեռ կհիշենք` անպայման…

Հա, մաղվելուց էի խոսում. վերցրին ու գնացին, ու մեր քթերը մխացին, ո՜նց մխացինք. մեզնից կտոր պոկեցին ու ցավացրին…

***

Հիմա մենք, ուր որ է,  հավակնում ենք դառնալ ավագ սերունդ:

Հիմա մենք ուրիշ ենք:

Հիմա Մռավյանի հրաշքը մնացել է խանում-խաթուն, բեյերի շառավիղ Սանամ բաջու` բարձր բալկոնից նետած…բարձր հայացքում:

Ազու` տըղըցի Մարիանի, տըկըհալավի ծոցին ի պահ տված, հարս Մարգարիտին մեկընդմիշտ…հակացուցված պադվալի բանալու խորհուրդում:

Ջհանգիրի՝ վրացահայ Նինայի թելիկ-մելիկ, արիստոկրատ խոսք ու ձևում, էն մի կնոջ` կարճիկ ու թմբլիկ Սաթենի դեմքին թռթռացող, սարքովի խոպոպներում:

Տըռոզին Սաթենի եդեմական այգու բար-նուբարը զըռ կողպեքով պարտակած ամբարի` դռան ճեղքերից անգամ արտանետվող խենթացնող բույրում:

Սեդու պըլպըլան ճըխթըթուի՝ օդում կախ մնացած բույրում:

Մարգարիտի ու նրա տարազավոր մոր ու կեսուրի ձմեռվա համար չորացվելիք կանաչիների` սավզի-սամթի` մեզ նետած հաստլի՜կ, ջրի՜կ ու համե՜ղ զոխերում:

Յակուբյան Արմենուհու` հանուրիս ուսուցչուհու,  մետաքսե մաշկով մեղմանուշ հայացքում:

Քյարուն Էմմուն վեհաշուք քայլքում ու նրա չքնաղ դուստրերի՝ Իրայի, Էլոյի ու Նինայի տարբեր՝ թանկ ու ճաշակով հագ ու կապում:

Ընկեր Նարինյանի՝ Արփիկի, հուշիկ քայլերում, Սաիդայի ու Հենոյի հավաք կերպարներում:

Դարպասի քարին նստած Անուշ տատի խաղա՜ղ ննջաքնում:

Իմ տատ Արուսյակի գոգնոցի գրպանի առեղծվածում:

Յայջըցի Զիզու՝ Գյուլու, գծած-դողաշարած լաքերում` մարգերում:

Նրա հարս՝ Փնջիկի՝ զույգ աղջիկների ծննդի…պարիլուսում(երեքն էլ կային):

Մարմնեղ, լույսով ու առողջությամբ բուրող Ռեհանի կայտառ տեսքում, մեր դռան շորին հանած-թողած կալոշների բոլ-բոլ չափսերում:

Գիրիշի Ռոզու բաքվախառն, կակուղ տնազ-պատումներում:

Թատրոնի դիքի ակացիաների բույրում, Թատրոնի դիքի մեր…ծառային` գիշերային թաքկընոցում:

Բուլդուզերով քանդվող-ավերվող թատրոնի շենքի խլահառաչում, տապալվող` կյանք ապրած, տարեգիր-ակացիաների…քամահրանքում:

Գորիս թատրոն

Թատրոնի շենքի ետնամասը` հենց բուն թատրոնի մուտքը...Բուլդոզերն արդեն...ավերում էր. ակացիաներն այլևս չկան...

Ի՜նչ շինություններ են վերականգնում-նոր կյանքի կոչվում, իսկ երկրաշարժից մասնակիորեն տուժած թատրոնի պարագայում դա չարվեց. հեշտը ավերե՜լն էր…

Ու` արի՜ն…

Թող ներվեմ հիշելուս համար, բայց խեղճ բուլոզերավարը, որ հրաման էր կատարում, որ հաղթ ու կարմրաթուշ տղամարդ էր, հենց այդ օրերին կնքեց իր…մահկանացուն:

Ի՜նչ իմանաս:

***

Թատրոնի պահակ Կուստուն Սամսոնի` «Ա՜ լըկուտնի, տիմացա՛ք, սասըրնիդ կըտրեցա՛ք, հեսա դիբետի տըռնավը պաց եմ թուղալու, անսանց կըքինաք». խոսքը մեզ` բայկե, փինկավոր անտոմսներիս թատրոն ներս թողնելու մասին էր:

Ու մենք անսանց` պապանձված ու գողեգող, սահում էինք ներս ու, տապ արած, լռվում:

Ու, մեր հասկացածի չափով, վայելում էինք հերթական ներկայացման պերճանքը, «ախտահարվում» թատրոն-սարսուռով:

Իսկ նա` Կուստուն Սամսոնը, էն ժամանակվա մեր Լապտլանդիայի…Սանտան էր:

Նա հենց ինքը Բարին էր…

Լո՜ւյս նրանց Լույս շիրիմներին:

***

Երևույթ էր գրադանավարուհի՝ Անուշին Էմման` իր չքնաղ, խորազգա դեմքով, ձյունաճերմակ, քուլա-քուլա հավաքած վարսերով, իր որդի` գիրքը ոչ թե տողերով, այլ՝ էջով կարդացող, հանճարեղ Մակիչ՝ Մակո որդով, իր պախրա-դուստր  Ժերմինալով…

Նրանց՝ ամեն իրիկուն մեր տուն գալը, ինձ համար տիեզերականին մերձենալու պես էր:

Մայրս առանցք էր, ու այդ առանցքի շուրջ հավաքվածների մեջ լինելու հաճույքը ոչ ոք չէր ուրանում:

Նրա ընկերուհիները՝ նրան մոտ լինելու կարիքն ունեցողները, առանց տարիքի սահմանափակման էին:

Նա կին-հանրագիտարան էր:

Իմը չէ` որ ասում եմ:

***

Հիմա էլ կա Խորենացի դարձած Մռավյանը, բայց չկան մռավյանական սքանչություն-պերսոնաժները:

Է՜ն` նրա՜նք:

Թե՞ կան` ե՞ս եմ փակել հեքիաթի էջը:

Կամ` գիր դարձելով` փակում:

Չէ՛, նոր տողից եմ սկսում ու դեռ այնքա՜ն պատմելիք ունեմ:

Ունեմ, ունենք…

Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև