Ձմեռ պապից` «Մեկ տարի անց» խորագրով մի…երազ

Ընդամենը…մի քիչ մեծ եմ Ձմեռ պապին ցանկություն հայտնելու համար, Ձմեռ տատ էլ չկա, թե հետը մի քիչ փիքր անեմ, բարձի տակից էլ…հեթանոսական շրջանից սկսած ակնկալիք չունեմ, որովհետև սմբուլե բարձի վրա երանավետ քնի ժամանակները երազի պես թռել-անցել են, հիմա Restart-ի մշտական կարիք ունեցող ուղեղդ ամփոփող գլուխդ իրեն ապահով է զգում երկտակած պինդ մութաֆկայի վրա, որի տակ էլ ի՞նչ նվեր:
Բայց անկախ այն բանից, որ Նոր տարին տարեցտարի Էյնշտեյնի հարաբերականության տեսության դասական կրողն է դառնում` լասվեգասյան ու էյֆելյան ընտանեկան խրախճանքներից մինչ կես կիլոգրամ մանդարինով երջանկանալ, այնուամենայնիվ, հիշողությանդ արյան պահպանած բնական տոնածառի խեժաբույր ռեֆլեքսով, երկրոդ փակագիծը… չփակած մանկությանդ` բամբակե շղթաների ու խնձորի չիրով տոլմայի դեռ գոլ խլրտյունով, ընտանեկան մի քանի հատումներում գտնվելու դերիդ պատասխանատվության բարոյականության խստաբարո հանդիմանանքով զգում ես, որ Ամանորը ուր որ է…

Տոնածառի ու տոնական ինքնացուցահանդես-սեղանի մասին, ուղղահայաց, խաչաձև ու զուգահեռ այցելությունների, մեկի բերածի հանկարծ հետ չտանելու ամոթի տագնապի կամ կյանքում սեփական հարկի տակ երբևէ այդօրինակ թանկ խմիչք կամ շոկոլադե տուփ («մատաղացու») չբացելու, Ամանորի հետօրեին արդեն մեծն վերմիշելի վրա նստելու մասին ասեմ ո՞ր ինչ:

Ասում ենք էլի, մենակ էլ ենք ասում, ազգովին էլ, մեր ասելուց է մեր զահլեն գնացել, մեր ասածից էլ…երանության ճոճքում ընկղմվածների զահլեն էլ է գնացել` ապրեք էլի` ազատ, անկախ, լիքը երկիր է, մեծ դմակ է` դանակ չկա՞, դուք էլ կտրեք, չունե՞ք` ճանկեք:

Գուցե ճիշտ էլ ասում են, գուցե իներցիայով սպասում ենք… ճիշտ արժևորումների հրավերներին, գուցե քթից վեր չենք տեսնում մեր դաստիարակության խարանը` սեփական ուժերով վաստակելու ժամկետանց աքսիոմի մասին: Կամ գուցե բիզնես մտածողության մեր կո՞դն է մորուց բացակա: Կամ գուցե արժե լրջորեն մտածել արժանապատվություն ու բարոյական նկարագիր ասվածներին իրենց տեղը դնելու ու ցուցամատով տաք հոսք փնտրելու մասին:

Ա յս մասինների մասին լռեմ, որովհետև այս ամենը բարձի կամ մութաֆկայի տակ դնել-չդնելու հետ կապ չունեն: Ի՞նչ, դեպ բարձի տակ բերող ճանապարհը հենց այդտեղի՞ց է սկիզբ առնում: Ինչևէ:

Ամանորի գիշերը ես մայրաքաղաք-մարզ… աշխարհամասերի մասին պատմող «Մեկ տարի անց» խորագրով մի երազ կուզեի խնդրել Ձմեռ պապից: Երազ` պատմող այն մասին, թե էլի Երևանը Հայաստա՞ն է լինելու Հայաստանի մեջ, էլի բոլոր հաղորդումների բոլոր կերպարների բոլոր էպիկենտրոնում Երևանի նույն «աստղե՞րն» են լինելու, էլի մղձավանջային, տարտամ սցենարներով, գողականների ներբողներով սերիալների ցունամինե՞ր են լինելու, էլի խցիկներով ու հովանավորների նվերներով տղերքը մայրաքաղաքային «աստղերի» պալատներո՞ւմ են զրուցելու ու նրանց հետ գնումներ անելով ճաշ պատրաստելու` նրանց ճաշակի, քիմքի ու խելքի թափով մեզ դաստիարակելու, էլի ընտանիքի երջանկության մեխանիկայից միայն մայրաքաղաքո՞ւմ են տեղյակ լինելու, էլի անհամ-անհամ, գռեհիկ-գռեհիկ հումորներով տղերքը հոլիվուդյան վստահությամբ հաղորդումից հաղորդո՞ւմ են լոք-լոք անելու` ցատկելու, էլի միակի անբավությամբ բազմելո՞ւ են ու եթերային` մարզի խնդիրների համար րոպե-մի քանի զրոյով դրամ արժեցող եթերից ժամե՞ր են խժռելու, էլի հայեցի խոսքը լավագույն դեպքում հոգեդա՞րձ է ապրելու, էլի մայրաքաղաքից մարզ եկած երևելի այրերի հետ հանդիպումների ու ճոպանուղիանման երևույթների բացումներին մարզային լրագրողը մայրաքաղաքային լրագրողների հեգնախառը ռեպորտաժների՞ց է առնչվելու, էլի…

Լավ, մի գիշերվա համար երազի մի սերիան էլ քիչ չէ: Սա էլ իմ ամանորյա ցանկությունն էր` ոչ թե «բարձի տակ», «այլ գլուխս բարձին» ֆորմատով…Թե՞ Պապին էլ արդեն…


Կարդացեք նաև