Վա՜յ, տերդ չմեռնի, դեմոկրատիա՛

Սյունիք, մարզպետ, հանրահավաքԻ՜նչ դժվար է, երբ թացն ու չորը խառնվում են դիֆուզվելու աստիճան, և մի բերան-կոկորդից երկու և բազում ձայներ են լսվում: Է՛լ ոգեշունչ ու պաթետիկ, է՛լ նվաղ ու լացակումած, է՛լ լուտանքախեղդ ու հոխորտալեն, է՛լ խոստումներ հեղեղող ու ինքնասիրահար…Ո՞վ է որ ձայնի տերը, ո՞վ է էդ ձայնի տիրոջ տերը, ո՞րն է էդ ձայնի տիրոջ մտքինը, որը ո՞ր թվագրությամբ է, որը որի՞ բարեկամն է, որի՝ երջանիկ լինելու համար, մեծ հաշվով, դեռ ինչքա՞ն է  պակասում…

Խոսում են ու խոստանում, թերագնահատում են ու մեղավորներ պեղում, պեղած մեղավորներին՝ աջ ու ձախ անում…

Վա՜յ, տերդ չմեռնի, դեմոկրատիա՛, որ ձիգ ու…թափանցիկ չեկար, ոլոր-մոլոր եկար, մեր թույլ տեղը ճարած եկար /մեր աչքն էլ ճամփիդ ջուր չէր դառել/, սուսիկ-փուսիկ քեզ համար տեղ արին, քեզ խցկեցին ու խցիկներն ու միկրոֆոնները քթիցդ ու ամեն տեղիցդ կախ արին, որ բա՛ն բռնեն ու ասեն՝ հա՜յ-հարա՜յ, հասե՜ք, դեմոկրատիային հե՛նց ձվում խեղդում են…Ասեն ու աշխարքով մեկ անեն, ռեյտինգ արձանագրող ցուցիչները խլվլան, դիագրամ-գրաֆիկներն ազատության աստիճաններ ծեփեն ու…

Ու Արեվմուտքը՝ գրանտներն ու օգնությունները շալակած, ՛՛օգնության՛՛ հասնի, որ ՛՛փրկի՛՛ մեր փրկիչ …դեմոկրատիային…

Գա, փողերը շաղ տա, մեզ ավանակացնի/էշ-ը մի քիչ կոպիտ կհնչեր՝ երևի/ , սեմինարաթեստամոնիտորինգախառն հմայիլներով մեզ ամորձատի, աղճատի ու իրար ջանի կապի…

Խե՜ղճ ժողովուրդ…

Հա՛ հանրահավաք, հա՛ կողմնորոշում ու ապակողմնորոշում, հա՛ նոր՝ ՛՛ամենաարդար՛՛ թագավորների խայծեր, սոցիալական խայծերի՝ ճիշտ նպատակետին խտուտ…

ՀԳ

Հիմա թել կծկող, կծիկ անող էլ համարյա չկա, բայց իմ մանկությունից ես հիշում եմ, թե ինչ նեղսրտող բան է, երբ չես գտնում կծիկի ծերը՝ կորում է ու կորում…

Հիմա չգիտես, թե ո՞ւր են էս մեր երկրի կծիկի ծերերը…

Բոլորն իբր փնտրում են, աջ ու ձախից՝ ձգում, ու, տատիս ասած՝ դառնում է ՛՛Նոյկուն փիչեչը՛՛…

Ճիշտ ասած, ես չգիտեմ, թե ո՞վ է եղել էդ Նոյկան, բայց լավ գիտեմ, որ չսանրված, խռիվ մազերով աղջիկներին փիչեչիկ էին ասում…

Երբևէ կհարդարվե՞ն էս երկրի…վարսերը…

Թե էլի դրսից եղավ՝ կեղծամի տակը պիտի նայեք…

Է՜հ, ի՜նչ վարսեր. ասա՝ ողջախոհությունը ուղեղում արքա կարգվի…

Լ.Հ.


Կարդացեք նաև