"Հորոսկոպի փոխարեն" բաժնի արխիվը

Հորոսկոպի փոխարեն-….Որ տարին մի եղանակ չունենա

համբերություն, ձմեռ, առնձգակնությունԼենա Հովսեփյան-Համբերության գործակիցը, երևի, այնքան էլ չարժե, որ առանձգական լինի. թե չէ ուս-ուսի տված  հա՜ ձգելու են…Ժամանակին արժե սթափվել ու գոնե տեղային միջակայքեր սահմանել, սահմանել, որ…մեղեդի փախցնողները քո համբերությունն իրենց համար երգեհոն չդարձնեն ու չնվագեն քո…հավերժ անավարտ գործերը:

Նվագեն, խոնարհումներ հաջողեն, ծափ-ծաղիկներ ու քեզ արտոնեն…խելոք ու հավաք պահելու դեպքում՝ գրել իրենց ընծայված ծաղիկների մասին…

Քո բաժին ծաղիկների համար էլ նրանք ջանասիրաբար «կհոգան». կապահովեն հաստ ձյունաշերտը:

Թե արտոնես քո համբերությամբ՝ տարին քեզ համար մի՛շտ մի եղանակ կունենա՝ ձյուն չհալելու եղանակը…

Մի՛ թող, որ համբերությանդ գործակիցը առանձգական լինի…

Հորոսկոպի փոխարեն-Խեղճ երիցուկն ի՞նչ անի…

երիցուկ,բախտԼենա Հովսեփյան-Երիցուկյան «սիրում է-չի սիրում» փնտրտուքին, առաջին իսկ…դատափետվող երիցուկից հետո /անգամ…շա՜տ առաջ/, արժե վերջ տալ ու ուշադիր-նեղացած նայել ոչ թե մի, ընդամենը մի… պակաս թերթիկի «պատճառ» երիցուկի արդեն քաչալ գլխիկին, այլ այն…հողի հուսալիությանը, որ ընտրել ես կանգնելու համար, հորիզոնի այն… կետի հուսալիությանը, որտեղից ակնկալում ես հավատիդ նետվելիք շողերը … Թե չէ՝ խեղճ երիցուկն ի՞նչ անի… 19.11.11

Հորոսկոպի փոխարեն-…Որ վճիռն անսեռ չլինի

սառույց,բանականությունԼենա Հովսեփյան-Խաղաքարտերը վերադասավորելիս պիտի մի քիչ գոնե…սառնասիրտ լինել ու զգացմունքներին չվերապահել առաջին ձայնի իրավունքը: Չվերապահել, բայց միշտ ունկնդիր լինել ՆՐԱ “վիբրացիային”, որովհետև բանականությունն առանց զգացմունքների անսեռ կլինի, վճիռը՝  գլխիդ կախ սառցե լուլայի հանգույն…17.11.11

Զգանք տապը…փաթիլի մեջ

փաթիլ, ձմեռՄիջօրեի արևի տակ տաքը զգալը…զգալու հետ բնա՜վ կապ չունի: Զգալ է՝ ձյան փաթիլների մեջ, խոնավ քարանձավի մթության մեջ, վերջալույսի փեշերը ալիքող պաղ քամու մեջ, այգաբացի ժանյակ-եղյամի մեջ տաքության զգալը, զգալն ու գոհանալը…Զգանք տապը-այն ամենուր է…

Լենա Հովսեփյան

«Նարեկի»…դոնորը Բարձյալն էր

ՆարեկՄեղքերի ճահճում ճողփողներն են, ավա՜ղ, «գրանտ»-ներ շահում ու «Բարոյականության աքսիոմներ» ձեռնարկների շարք մոգոնում… Ի՜նչ լավ է, որ «Նարեկի»… դոնորը   Բարձյալն էր… Ասել է, թե՝ հակաթույնը ի վերուստ էր…

Լենա Հովսեփյան

Մայր բջիջը նորեն…ծնվեց

հայելի, տարիք, դեմքՄենախոսություն հայելու հետ…Վերնագրելու հանգույն որոշեցի այսպես սկսել. այսպես ճամփա տալ մտքերիս, միգամածությանն այն, որ մամլելու չափ ուժգին ճնշում է կենսունակությանս Մայր բջիջը: Այնա՜ն տարբեր է, երբ ինքդ քեզ նայում  ես եռաչափից, քո ներսից, քո բանականության…գրկից, քո մանկության մեղեդուց, քո գալիքի այգաբացից, քո հոգու  անսահմանությունից, քո մտքի լույսից ու… Ու այնքա՜ն տարբեր է, երբ հայելու…կերտած կերպարն է մարմնավորում քեզ, կեպար, որ խելոք-խելոք ենթակա, անձնատուր է ժամանակին, հեշտ, հանգիստ հանդուրժում է ժամանակ բոլոր…անհոգի սրբագրումները, կենցաղի դրոշմների հերթագայությունը, մտածումների քարկապերի արտացոլումները, հոգնության մզվածքների ստվերները…

Ի՞նչ անել, գուցե ճիշտ է հայելուց քեզ նայողին քեզ ուղեցույց-առաջնորդ կարգել, հնազադվել նրա հուշումներին, հորդորներին, տարիքդ…մեծատառել, էներգիայիդ…ճերմակ կեղծամ դնել…

Չէ՛, հայելի ջան, իսկ ո՞վ է ասում, որ ոչ թե դու, այլ ես եմ քո պատկերածի արտացոլանքը, քո լուսաշիթը, քո մտքի անսահմանությունը, քո մանկության մեղեդին, քո բանականության գիրկը:

Իմ կենսունակության Մայր բջիջը նորեն ծնվեց-ես եմ քո պատկերածի արտացոլանքը…

Աստղային անձրևն այն…

կյանք, իմաստ, աստղային անձրևԱյն, որ կյանքը միանգամայն ակնածելի իրողություն է, վիճարկումներից դուրս է տիեզերական խորհրդավորության չափ: Որքա՜ն է լինում, երբ ինքներս մեզ հարցերի հորձանուտ ենք տանում, խենթանալու աստիճան պտտվում, որոնում, թե մենք ու կյանքն ի՞նչ հարաբերակցության մեջ ենք. առա՞ջ ենք նրանից, ետնաբեմո՞ւմ ենք, հևիհև զուգահեռվո՞ւմ ենք, նրա մեջքի՞ն ենք, փորի պարկո՞ւմ… Մինչ մենք խելահեղվում ենք այս ինքնահարցադրումի ի վերուստ մերժված, փակ կոդով պատասխանի փնտրտուքներում, կյանքն իր  տիեզերական հանդարտությամբ ընթանում է:

Ու հիշում ես մոլորակների հեռու-հեռավոր փեշերում ինքնայրվող մասնիկներին…

Իսկ մոլորակներն ահռելի իրենց ծանր ու թեթև պտույտներն են շրջագծում, էլիպսում՝ կամ…

Այսպիսին է և ԿՅԱՆՔԸ՝ մեծ, ակնածելի, ինքնաբավ…

Չքնա՜ղ…

Ի սեր Աստծո, էլ չվիճարկենք մեր՝ ՆՐԱՆ սիրել-չսիրելը. ոչ ցավով, բայց իրատեսորեն հիշենք էն ինքնայրվող, այդպես էլ մոլորակին չհասնող մասնիկներին՝ աստղային անձրևներն այն…

Լենա Հովսեփյան

Ձնծաղիկն ու ձմռան…անձնագիրը

ձյուն, ձմեռ, ձնծաղիկԹե ձմեռն աշնան գործերին է միջամտում կամ ձմեռը ուշացնում է գարնան հետ հանդիպումի բաղձալի պահը, ոչի՛նչ, պահ է՝ տերևաթափը հասցնելու է իր փեշերին երազանքներ օրորել, ձնծաղիկը  ձմռան ծոցից էլ գլխիկը հանելու է… Ոչի՛նչ: Ասա՝ միայն ձնծաղիկը հանկարծ չմտածի, որ ձմեռը տարվա վերջին եղանակն էր… Որ իրական տարիքը չափվում է միայն չոր, անկյանք թվերով…

Ասա՝ ձնծաղիկը ձմռան անձնագրին նայելով չգա…

Այնտեղ ավել էներգիա կար

էներգիա, պարպելԹե օրերիդ կենսանյութը հանկարծ շաղել-աղճատվել է, ուժով մի մի հավաքիր, մի սղմիր: Թո՛ղ: Թող դադարի ռեժիմն ինքը կարգավորի-այնտեղ ավել էներգիա կար: Թո՛ղ…

Լենա Հովսեփյան

Սա է կյանքը

ձնծաղիկ, գարունԼինում է չէ՞, երբ մեքենայով գնալիս, հանկարծ վարորդը կտրուկ արգելակում է, և ֆիզիկական ցնցումը ցնցելով՝ կտրում է հետ սահող ճանապարհի հետ թևող մտքիդ թելը…Կյանքն էլ էդպես է, մեկ էլ էնպես կարգելակի, որ…Որ՝ թե՛ միտքդ կկտրվի, թե՛ շաղելով կխախտվի «կյանք» ասվածի իմաստն ու փիլիսոփայությունը (եթե, իհարկե, այն կա…)…

Հետո դա կտևի այնքան, մինչ, ինչպես մեքենայով գնալիս, վերականգնվի մեքենայի նորմալ ընթացքը, վախդ հաղթահարվի, ու միտքդ նորից սկսի մեքենայի ընթացքին հակառակ թևել:

Սա է կյանքը, կյանքը, որտեղ տրամաբանություն փնտրելը ավազե դղյակ կառուցելու նման է-սորալու է:

Տրված է կյանքը մեզ՝ անկախ մեր կամքից ու ցանկությունից, տրված է մի Վերին թողտվությա՞մբ, թե՞ վարի…մեղքով:

Տրված է և՛ պարտավորվածությունը ապրելու:

Մնում է հուսալ՝ ոչ դրխկալեն արգելակումներ, և ուժ՝ երկյուղ հաղթահարելու:

Կյանքը, ի վերջո, չքնաղ է նաև, որովհետև ձնաբքի փեշի տակ…ձնծաղիկ է ծնվում ու դիմակայում է:

Լենա Հովսեփյան

Էներգիա, որ հևիհև գալու է դեպ ձեր…մարտկոցը

կշեռք, ոսկե կանոն, մարտկոցՉնայած…տեսական ջանադիր փորձերիս, ինձ այդպես էլ չհաջողվեց մի կարգին հասունանալ, հասկանալ «Առաջ մորթուս, հետո որդուս» «ոսկե կանոնը», հասկանալ, որ հաճախ քեզ համար իբր ծնկած աղոթողներից ոմանք, չոքերի արանքում ընդամենը, թաքցնում են  «իմ ու քո»-ն տարրորոշող ինքնաշեն կշեռքը: Դնում-վերցնում են քարերը, գումարում-բազմապատկում, հանում-բաժանում են, բայց…Բայց չեն հասկանում, թե ինչպես միշտ իրենցը քիչ է, քիչ է, քիչ է…Չհասունացա-չհասկացա, բայց հասկացա, որ հենց այդ չհասկացությունն է իմ խենթ ու խելառ գաղտնագիրը վերծանել չկարողանալու նրանց գազազության առիթը:

Առիթ, որից սնվում է իմ մարտկոցն ու մորթուց առաջ…որդուն նկատելուց չի երկյուղում…

Մի՛ երկյուղեք, թե ձեզնից էլ են…կշեռք թաքցնում, թե ձեր գաղտնագրի վրա էլ գլուխ կոտրողներ կան, թե նրանց դողացող չոքերի արանքում էլ կշռաքարերի թվաբանությունն իրենց օգտին չէ…

Թո՛ղ, թող դնեն-վերցնեն որքան կուզեն, թող պարպեն իրենց պտուտակած էներգիան-նրանց թափած էներգիան խորշելով փոխակերպվելու ու հևիհև գալու է դեպ ձեր…մարտկոցը…

Լենա Հովսեփյան

Տերը հոգացել է

դրախտ, ԱստվածՄարդ ես՝ բանական, թե հաճախ քեզ թվա, թե քո ուսերին շատ, բեռ չասենք, բան կա ծանրորեն նստած, թե հաճախ քեզ թվա, թե ամենքի խնդիրներն անցնում են անպայման քո միջով՝ գործակիցներով կոտորակելով քո բոլոր ռեսուրսներն անխնտիր, թե հաճախ քեզ թվա, թե դու անվերջ ու ամենքին ձեռք ես մեկնում, իսկ…գետը հիշողության կորուստ ունի ու քո լավությունը դեմդ չի բերում, թե հաճախ քեզ թվա, թե այս աշխարհում դու ամենից քիչ քեզ ես սիրում ու ինքնաթագադիր առաքյալ ես, կանգ առ…

Կանգ առ ու հիշիր, որ դու այդ ծրագրով էս աշխարհում ու էն գլխից, հենց որպես շատ սիրելի է քեզ վերապահվել դերակատարությունդ այդ, ու Տերը հոգացել է, որ քո ռեսուրսներն…ինքնածին լինեն…

Մի անգամ էլ աչք ածիր քեզնից դուրս ձգվող տաք շրջանի շառավղին ու փառք տուր Տիրոջը. որքա՜ն արարածներ են պահ մտած ծիկրակում, արարածներ, որոնց «անդորրը» ոչ ոք խաթարել չի ուզում…

Լենա Հովսեփյան