ԱՅԳ-ի այբուբենով փորձիր գրել
Դժգոհելու առիթների…անպակասության իներցիան մարդակուլ բան է: Թե անհավան-չմահավան ես, թե լույսը տեսնում ես մթան խանձարուրում, թե ուսիդ ճերմակ փափկությամբ իջած աղավնին քեզ սև ու կռռան ագռավ է երևում, թե մեղմ զեփյուռի գգվանքը քեզ ճանկի խզբզանք է հիշեցնում, թե…Թե…Ուրեմն դու երևակվում ես միայն ու միայն քո հոգու վրա, քո մտքի վրա, քո ինքնավիժած…լույսի վրա:Ու աշխարհի մեղքը ո՞րն է…Էն աշխարհի, որ Աստծո ամեն օրդ այգով է սկսում…ԱՅԳ-ի այբուբենով փորձիր գրել…տեքստերդ օրվա…
Լենա Հովսեփյան



Լենա Հովսեփյան-Համբերության գործակիցը, երևի, այնքան էլ չարժե, որ առանձգական լինի. թե չէ ուս-ուսի տված հա~ ձգելու են…Ժամանակին արժե սթափվել ու գոնե տեղային միջակայքեր սահմանել, սահմանել, որ…մեղեդի փախցնողները քո համբերությունն իրենց համար երգեհոն չդարձնեն ու չնվագեն քո…հավերժ անավարտ գործերը: Նվագեն, խոնարհումներ հաջողեն, ծափ-ծաղիկներ ու քեզ արտոնեն…խելոք ու հավաք պահելու դեպքում՝ գրել իրենց ընծայված ծաղիկների մասին…Քո բաժին ծաղիկների համար էլ նրանք ջանասիրաբար “կհոգան”. Կապահովեն հաստ ձյունաշերտը: Թե արտոնես քո համբերությամբ՝ տարին քեզ համար մի’ եղանակ կունենա՝ ձյուն չհալելու եղանակը…Մի’ թող, որ համբերությանդ գործակիցը առանձգական լինի…
Լենա Հովսեփյան-Երիցուկյան “սիրում է-չի սիրում” փնտրտուքին առաջին իսկ երիցուկից հետո /անգամ…շա~տ առաջ/ արժե վերջ տալ ու ուշադիր-նեղացած նայել ոչ թե մի, ընդամենը մի… պակաս թերթիկի “պատճառ” երիցուկի արդեն քաչալ գլխիկին, այլ այն…հողի հուսալիությանը, որ ընտրել ես կանգնելու համար: Թե չէ՝ խեղճ երիցուկն ի՞նչ անի… 19.11.11

